Բնության զարթոնքն ազդարարող գարունը միշտ էլ «թիթիզ» ու շռայլ է եղել տոներով` կանանց տոն, մայրության և այլ տոներ, որոնք անփոփոխ են: Բայց կա մի տոն, որ ամեն տարի նշվում է տարբեր օրերի: Այդ տոներից մեկն էլ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է կամ Զատիկը, երբ միմյանց ողջունում ենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և պատասխանում` «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Ներկած հավկիթներով առանձնացող այս տոնը անխտիր բոլորիս ամենասիրած տոներից է, որն առանց քեզ նշել չէինք կարող:

 

 

Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն ունի տարբեր մեկնաբանություններ: Ըստ Հին և Նոր Կտակարանի` 5 տաղավար տոներից մեկն է, որը կապված է Քրիստոսի հարության հետ: Քրիստոսի խաչելությունից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Հիսուսի մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մեծ սալաքարով: 3 օր հետո` կիրակի առավոտյան, Մարիամ Մաքդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սալոմեն, երբ գնացին անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի սալաքարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Այդ ժամանակ երևացին 2 հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»(Ղուկ. 24: 5-6):

Ձուն, որ Զատկի` հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշերից է, հիմնականում կարմիր են ներկում` որպես մարդկության փրկության համար թափված Հիսուսի արյուն:

Մինչդեռ քչերս հավանաբար գիտենք, որ Զատիկը նշվում է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից և ինչպես շատ այլ տոներ` Տրնդեզը, Վարդավառը, այն նույնպես հայկական եկեղեցու կողմից փոխառվել է հեթանոսությունից: Ըստ հայկական ավանդության` ստորգետնյա աստված Յահվահը գողանում է Հազարան Հավքին և պահում իր մոտ: Համաշխարհային ջրհեղեղից հետո, երբ խառնվում են Արարատի բնաշխարհի գույները, և գորշություն է տիրում ամենուր, Արիները խնդրում են նահապետ Մանին` անմահ աստվածների սիրելիին, որ գույները զատի, որպեսզի Արարատի բնությունը չմեռնի: Մանը կատարում է նրանց խնդրանքը: Նա Աստվածամայր Անահիտի պատվերով և Վահագն աստծո զորությամբ ու օրհնությամբ բերում է Հազարան Հավքը, որ գերված էր Յահվահի կողմից: Ազատագրված Հավքը երգում է ու բազմագույն ձվեր ածում: Անահիտը հավաքում է հավկիթները և շաղ տալիս Արարատով մեկ: Գույները զատվում են և բազմագույն է դառնում Արարատի բնությունը, ու արիները սկսում են գարնանացանը: Ամեն տարի գարնանացանից առաջ հայերն ավանդաբար տոնել են Զատիկը. հավկիթներ են ներկել գարնան գույներով, ձվախաղ սարքել, փառաբանել Աստվածամայր Անահիտին և ապա սկսել գարնանացանը:

Ոչ հայկական լեգենդներից մեկի համաձայն էլ` ձուն կարմիր ներկելը կապվում է հռոմեական կայսր Մարկոս Ավրելիոսի ծննդյան հետ: Հենց այս օրը հավերից մեկը կարմիր բծերով ձու է ածում: Այդ ժամանակից սկսած` որպես շնորհավորանք, Հռոմում ներկած ձվեր են իրար նվիրում:

 

Իսկ թե ինչպես են նշում Զատիկը մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները, փորձեցինք պարզել հենց իրենցից: Եվ չնայած տոնը բոլորն էլ սիրում են, բայց նրանցից քչերը գիտեին դրա խորհուրդը:

 

Սոֆի Դևոյան

Սոֆի Դևոյանի համար սբ. Զատիկը շատ սիրելի տոն է: Հատուկ այս տոնի կապակցությամբ տկն Դևոյանը պատրաստած ծառ ունի. «Ծառը ես եմ պատրաստել, որը միշտ զարդարում ենք գունավոր ձվիկներով: Տոնը շատ եմ սիրում ու կարծում եմ, որ յուրաքանչյուր ավանդական տոն ավելի է ջերմացնում և մտերմացնում մարդկանց»: Ըստ պարուհու` իր համար ամենատպավորիչ Զատիկը ընկերուհիների հետ Փարիզում նշածն է:

 

 

Արսեն Սաֆարյան

Երգիչ Արսեն Սաֆարյանը տոնը ընտանիքի հետ միասին նշում է եղբոր` Արթուր Սաֆարյանի տանը. «Հավաքվում ենք եղբորս տանը, ձու ենք կռվացնում: Դրա հետ կապված հայկական տոնակատարություններն են սկսվում: Դե կանաչի էլ է լինում, բուռում են ասում, թե դուռում են ասում, ուտում ենք»: Այդ տոնը սովորական օր է երգչի համար և դեռևս հիշվող Զատիկ չի եղել:

 

 

Սիլվա Հակոբյան

Սիլվա Հակոբյանը խոստովանեց, որ փոքր տարիքում փայտից ձու է կռվացրել հասակակից ընկերների հետ: «Փայտից գունավոր ձվով բակ էի ելնում ու երեխաներին հաղթում»,- զվարթորեն ասաց երգչուհին: Այս տոնին Սիլվան ձուն քրոջ` Մանեի հետ է ներկում ու խոստովանում, որ իրենց ամենասիրած տոներից է, որը միշտ բարձր տրամադրությամբ նշում են ընտանիքի անդամներով:

 

 

 

Տիգրան («Թիվ 5»)

Տիգրանն ասում է, որ միշտ ոգևորված մասնակցում է ձու ներկելու արարողությանը: Սակայն այժմ ավելի շատ ոգևորված ձու է կռվացնում և ուտում: «Ձուն բացի կարմիրից, թիթիզ-միթիզ գույներով էլ ենք ներկում, հետո բարեկամներով հավաքվում ենք մեր տանն ու նշում տոնը»,- ասաց Տիգրանը: Ամենահետաքրքիր Զատիկն իր համար տպավորվել է մի պատմությամբ: «Մոտ 3 տարի առաջ այդ օրը Դուբայից եկող քրոջս դիմավորելու համար տաքսի կանչեցի: Երբ նստեցի, վարորդին ասացի` Քրիստոս հարյավ ի մեռելոց… Վարորդը լուրջ նայեց ու ասաց` ինձ ասել էին օդանավակայան»,- ծիծաղելով պատմեց Տիգրանը:

 

 

 

Արևիկ Ալավերդյան

Արևիկի համար սբ. Զատիկն ամենակարևոր տոներից մեկն է, քանի որ կապված է Քրիստոսի հարության հետ: Ինչպես բոլորը, Արևիկենց ընտանիքը ևս նախապես է պատրաստվում տոնին` ձու են ներկում, զարդարում նկարներով: Մի խոսքով, որ սեղանին ուրախ տրամադրություն լինի: Արևիկն էլ շատ է սիրում այս տոնը և միշտ նշում է ընտանիքի հետ` մշտական սովորույթով. «Մինչ սեղան նստելը` կանգնած ասում ենք «Հայր մերը»: Այդ սովորությունը հորիցս է եկել ու մինչ օրս էլ պահպանվում է»:

 

Angle

Թեև Էնջլը նշեց, որ որոշ բաներ գիտի սբ. Զատկի խորհրդի մասին, սակայն այդպես էլ ոչինչ չհիշեց: «Մենք պարտադիր նշում ենք Զատիկը, ինչպես բոլոր ավանդապաշտ ընտանիքները` չնայած մեր ընտանիքն այնքան էլ ավանդապաշտ չէ»,- ասաց Էնջլը` նշելով, որ այդ օրը ձուն, բացի կարմիրից, տարբեր գույներով են ներկում ու ընտանիքի անդամներով կռվացնում: «Փայտից գունավոր ձու ունեի, որով խաբում էի ընտանիքիս անդամներին»,- ծիծաղելով հիշեց Էնջլը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել