Սահմանային լարվածության նոր շրջափուլը հաշվի առնելով, կարծում եմ՝ կրկին ակտուալ է Բաքվին հանձնված կլիենտների թեման ու այնպես ստացվեց, որ մի քանիսի պատմությունները վերհիշելու համար դրանց մասին հրապարակումները աչքիս տակով անցկացրեցի։ Ու գիտե՞ք, մի ուշագրավ օրինաչափություն եմ գտել․ գրեթե բոլոր «հերոսները» հայկական մամուլի իսկական աստղեր էին, ընդ որում՝ ընդհուպ մինչև հանձնվելը։ Մյուս օրինաչափությունն այն է, որ առավել կարկառուն կլիենտների պարագայում Ադրբեջանին հանձնվելու շանտաժը եղել է շարունակական ու սկսվել է շատ ավելի վաղ, քան բուն քայլն անելը։

Հեռուն չգնանք. նույն Սյուզան Ջաղինյանն ու Թամելլա Արզումանյանը պարբերաբար հայտնվում էին առաջատար պարբերականների էլեկտրոնային էջերում, ընդ որում՝ բնավ էլ ոչ քննադատվողի կարգավիճակում։

Ի դեպ, այդ որոնումներիս արդյունքում կարծես թե Բաքու-Երևան էքսպրեսի հաջորդ կլիենտներին էլ առնչվեցի՝ ոմն Ստելլա և Անժելա Հարությունյաններ, որոնք Բաքվից եկած փախստականներ են։ Շատ չմանրանանք, թե ինչ կենցաղային պահանջներից մղված են սույն տիկնայք նման բաներ ասում, բայց նրանց ողջ հայեցակարգն ու աշխարհընկալումը բյուրեղված են հետևյալ պարբերության մեջ, որը նրանցից մեկը՝ Ստելլան, գրել է իր նամակում, որն էլ իր հերթին հրապարակվել է ինչպես որոշ հայկական կայքերում, այնպես էլ ադրբեջանականներում: Ուշագրավ է, որ քույրերը հայտնվել են նաև ադրբեջանական ArmenianReport կայքի վիրտուալ էջերում, ինչը, ի դեպ, ևս մի պատճառ է կասկածելու նրանց առնվազն՝ համեստ մտավոր կարողություններ ունենալու մասին, որովհետև այսքան ասվելուց հետո, միայն ցածր մտավոր ունակությունների տեր մարդը չգիտի ու չի հասկանում, որ ի հեճուկս անվանմանը ու այնտեղ զետեղվող հայալեզու, այս կայքը մաքուր ադրբեջանական կայք է, որը բացառապես զբաղվում է հայկական լսարանի համար ադրբեջանական քարոզչություն մատուցելով։ Իսկ եթե քույրերը հասկանում են, ապա նրանք երիցս դավաճան են, որովհետև գիտակցաբար թշնամու քարոզչությանը ծառայելը հենց դավաճանություն է։

Ինչևէ, ցիտենք «դասականին»․

«Այս ամենից հետո որոշել եմ հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, որը, ի դեպ, ինչպես շատ ու շատ փախստականներ, ընդունել եմ ճնշման տակ։ Նաև որոշել եմ հրաժարվել ազգությունիցս ու փոխել ազգանունս, որպեսզի Հայաստանի հետ ինձ այլևս ոչինչ չկապի։ Ուզում եմ մոռանալ Հայաստանը, ինչպես մղձավանջ»։

Եթե խոսենք կոնկրետ սույն տիկնանց ու նրանց նմանների մասին, ապա ասել եմ ու էլի կկրկնեմ․ ոչ միայն չի կարելի, այլև խիստ ցանկալի չէ երկրում զոռով պահել մարդկանց, ովքեր զզվում են պետությունից, երկրից ու իրենց ազգությունից։ Մանկուրտ են, էլի։ Անկախ նրանից, թե ինչ սոցիալական ու կենցաղային խնդիրներից դրդված են հասել դրան։ Կա մի կարմիր գիծ, որն անցնել չի կարելի, ու Ադրբեջանին հանձնվելը կամ դրանով շանտաժ անելը հենց այդպիսի կարմիր գիծ է, որը խոսում է տվյալ մարդու պիղծ էության մասին կամ էլ, առնվազն, ֆենոմենալ բթամտության, եթե համարում է, որ Հայաստանը, որտեղ անգամ նման ելույթներից հետո իրենց մի հատ ախ ասող չի լինում, ավելի անարդար ու վտանգավոր միջավայր է, քան Ադրբեջանը, որն իր այլախոհներին անգամ Վրաստանից է առանց անձնագրի առևանգում ու բերում պատժելու։ Скатертью дорожка. նման սոցիալական աղբը այսպես, թե այնպես ոչ մի օգտավետություն չի կարող ունենալ երկրի համար։
Картинки по запросу armenia.az
Սակայն այստեղ առաջ է գալիս այն հանգամանքը, որի մասին խոսեցի սկզբում։ Այնուամենայնիվ, այդ ինչպե՞ս է ստացվում, որ թամելլաները, ստելլաները, անժելաներն ու սյուզանները արժանանում են նման շռայլ ուշադրության մեր մամուլի կողմից, ինչպե՞ս է լինում, որ տարիներ շարունակ հարթակ է տրամադրվում նման մանկուրտների։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ բողոքը, ընդվզումը և ընդդիմադիր կոչերը կարելի է ու պետք է լուսաբանել, բայց մի՞թե նույն լրագրողն էլ չպետք է տեսնի այն կարմիր գծերը, որոնց մասին խոսվեց։ Չէ՞ որ նման կերպարների բողոքներն ու մուննաթը պարբերաբար հրապարակելով՝ մենք լեգիտիմացնում ենք ոչ միայն վերջիններիս դիրքորոշումը, այլ հենց դավաճանության թույլտրելիության ու արդարացվածության փաստը։

Ի վերջո, քանի՞ անգամ կարելի է կրկնել, որ, անկախ ներքաղաքական ու ներհասարակական հայացքներից, կան ընդհանուր շահեր, որոնք հավասարապես կարևոր պետք է լինեն տվյալ սոցիումի բոլոր անդամների համար։ Ու այդպիսի շահերից է անվտանգության հարցը։ Հռետորական հարց․ որքանո՞վ ենք ջուր լցնում ադրբեջանական ագիտպրոպի ջրաղացին ամեն անգամ, երբ էժան սենսացիայի, սուր վերնագրի, կամ էլ ծայրահեղ ընդդիմադիր բովանդակության համար հարթակ ենք տրամադրում մարդկանց, ովքեր ստեղծում են այնպիսի մեդիա կոնտենտ, որը ադրբեջանական լրատվամիջոցները մասամբ կամ երբեմն էլ ամբողջությամբ թարգմանում ու տեղադրում են իրենց մոտ։
71616
Ու էս պարագայում Երևան-Բաքու էքսպրեսի կլիենտների հետագա ճակատագիրը հասկանալի է ու հետաքրքիր էլ չէ. կջհանդամվեն Ադրբեջան կամ էլ երրորդ երկիր ու այնտեղից մաղձ կթափեն, մինչև իրենց կվերացնեն, որ ասեն՝ տեսե՜ք, հայկական հատուկ ծառայություններն ինչ արեցին։ Այլ հարց է, որ աչքներիս տակ ունենք նաև Վահան Մարտիրոսյանի ու Սերգեյ Ջուլհակյանի օրինակները, ովքեր, հավանաբար հասկանալով, որ Բաքվում իրենց կյանքին վաղ թե ուշ վտանգ է սպառնալու, որոշեցին դարձի գալ։

Հետաքրքիրը մեր մեդիա դաշտի ադեկվատության սանդղակն է։ Էլ քանի՞ հոգի պետք է հանձնվի, որ հասկանանք, որ ամեն ապուշի բլթցրած, այն էլ՝ առանց ճշտելու, չի կարելի մասսայականացնել ու դարձնել հանրային քննարկման առարկա։ Ե՞րբ պետք է սովորենք տեսնել այդ կարմիր գծերը, որոնցից այն կողմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դժգոհ մարդը դառնում է դավաճան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել