Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը (Զատիկ) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն տոներից է: Զատիկ նշանակում է զատվել, հեռանալ մեղքերից` վերադառնալ առ Ամենակալ Աստված: Այն նաև խորհրդանշում է մահվան դեմ մեր Տիրոջ տարած հաղթանակը: Աստվածորդին մեր մեղքերի համար մահացավ և Իր Սուրբ արյունով սրբեց մեզ մեղքերից` նոր շունչ ու իմաստ հաղորդելով մեր գոյությանը: Նա իր փառավոր Հարությամբ ազատագրեց համայն մարդկությանը: Խաչելությամբ և հարությամբ հաստատվում է կյանքի ու անմահության գաղափարը: Սուրբ Հարությունն է, որ մեր կյանքը դնում է վերանորոգման, հավատի և ուխտի վերահաստատման նոր շեմին, այն խորախորհուրդ հրաշք է, որ մեզ միշտ առաջնորդում է դեպի երկնայինը, ճշմարիտը, արդարն ու բարին: 
Տեղին են Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի խոսքերը. «Թո՛ղ ոչ ոք վախնայ մահէն, որովհետեւ մեր Փրկչին մահը մեզ ազատագրեց մահէնե, այսինքն մեզ ազատագրեց խաբէութենէ եւ ամէն տեսակ մեղքէ»:
Սուրբ Հարության տոնը բոլորիս բերում է նորովի հոգեկան վերազարթոնք ու մեզ` քրիստոնյա հավատացյալներիս, վերակենսավորելով գոտեպնդում է մեր հավատքի մեջ, որով և զորանում ենք հավիտենական կյանքի երկնատուր խոստումով:
Այս փառավոր տոնի առիթով մաղթում եմ, որ Սուրբ Հարության հաղթական ձայնը լսվի մեր օջախներում, մեր սրտում ու հոգում և պարգևի մեզ զատկական ուրախություն: Թո´ղ այն բոլորիս պարգևի հոգու խաղաղություն, լուսավոր ապագայի հանդեպ հավատ, ապրելու, արարելու նոր ուժ ու ձգտում:
Փառաբանե՛նք Հիսուս Քրիստոսի հաղթանակը:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել