Ամերիկացի ուսանողները ցնցել են  YouTube-ը կարճ ուսանողական տեսանյութերով, որտեղ պատմել են, թե ինչպես վերաբերվել հարբած կանանց: Դա եղել է   Օհայո նահանգի երիտասարդ բռնաբարողների դեմ դատավարության պատասխանը, ում լրագրողներից ոմանք ավելի շատ են կարեկցել, քան նրանց 16-ամյա զոհին: 

«Անհրաժեշտ արձագանք» անունով հոլովակում երիտասարդը տեսնում է բազմոցին քնած մի կնոջ: «Ընկերներ, նայեք ով է այստեղ պառկած` անգիտակից վիճակում: Գուշակեք` ինչպես եմ վարվելու նրա հետ»,- դիմել է նա հանդիսատեսին: Այնուհետեւ նա ուղղում է աղջկա գլխի տակի բարձը, ծածկում է նրան վերմակով, եւ բազմոցի մոտ գտնվող աթոռին բաժակով ջուր է դնում: Դրանից հետո նա մոտենում է տեսախցիկին եւ ասում. «Իսկական տղամարդիկ կանանց վերաբերվում են հարգանքով»:

Հոլովակի հեղինակ, Օրեգոնի համալսարանի ուսանողուհի Սամանթա Ստենդալը բացատրել է, որ տեսանյութը «ուղիղ պատասխանն էր»` ուղղված Օհայո նահանգի Ստեբենվիլ քաղաքում կատարված բռնաբարությանը: Մարտի 17-ին քոլեջի ուսանողներ եւ հեռանկարային ֆուտբոլիստներ 16-ամյա Մալիկ Ռիչմոնդն ու 17-ամյա Թրենթ Մեյսը դատապարտվել են համապատասխանաբար մեկ եւ երկու տարվա ազատազրկման՝ 16-ամյա աղջկան բռնաբարելու համար: Հանցագործությունից առաջ նրանք խմեցրել են աղջկան, որից հետո նրանցից մեկն անպարկեշտ լուսանկարներ է արել:

Դեպքը հանրության ուշադրությունն իր վրա է բեւեռել, երբ  СNN-ի լրագրողները պաշտպանել են բռնաբարողներին` ասելով, որ այժմ «խեղճ տղաները» չեն կարող կառուցել իրենց կարիերան: Հինգ օրվա ընթացքում  տեսանյութը  YouTube-ում դիտվել է 1,4 միլիոն անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել