«168 Ժամ»-ն անդրադառնալով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում ԵՄ գրասենյակից ստացած 462 հազար 479 եվրո դրամաշնորհի, գրել է. «Դրամաշնորհն ի սկզբանե նախատեսված է եղել միայն 2017թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների դիտարկման համարը, սակայն «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն դիմել է ԵՄ պատվիրակությանը՝ խնդրելով հնարավորություն ընձեռել խնայված միջոցների հաշվին դիտարկել նաև 2017թ-ի Երևանի ավագանու ընտրությունները, որին ԵՄ պատվիրակությունը դրական արձագանք է տվել: 

Այս ամբողջ գործընթացին անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե ի հայտ չգային որոշ հանգամանքներ: Մայիս 15-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ըստ որի նախաձեռնությանը մասնակցող 3-րդ կազմակերպությունը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, Երևան քաղաքի 2017 թ.-ի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդություն է իրականացրել առանձին՝ կամայականորեն օգտագործելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը, ինչով հանրությանը ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Հայտարարությունում նշվում է, որ դա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։

Նման հայտարարությունը, հատկապես, ուշագրավ է այն առումով, որ ըստ դրամաշնորհի՝ «Իրավունքի Եվրոպա միավորումը» նախապես համաձայնեցրել է տնտեսված միջոցները նախաձեռնության անունից Երևանի ավագանու ընտրություններում օգտագործելու հանգամանքը, մինչդեռ գործընկեր կազմակերպությունները, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվել են ներգրավվել այդ ընտրությունները՝ չտալով իրենց համաձայնությունը, որ «ԻԵՄ»-ը դա անի նախաձեռնության անվան տակ»: 

Թերթի հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշել է, որ ԱԺ ընտրություններում իրենց դիտորդական գործունեությունը չի ունեցել իր հիմքում ֆինանսական ոչ մի բաղադրիչ:  «Քաղաքացի դիտորդը» 3 կազմակերպությունների համատեղ նախաձեռնություն էր: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այդ երեքից մեկն է, որը ոչ մի ֆինանսական շարժի հետ կապ չի ունեցել: «Ասպարեզ» ակումբի մի շարք կամավորներ ներգրավված եղել են այդ նախաձեռնության մեջ: Հոնորարի տրամադրման, դիտորդական գործունեությունը խրախուսելու պայմանավորվածություններ ունեցել են մյուս երկու՝ ԹԻՀԿ  և ԻԵՄ կազմակերպությունները: «Ասպարեզ» ակումբը որևէ դրամաշնորհային ծրագիր, սեփական միջոցներ, որևէ ֆինանսական շարժի մեջ ներգրավված չի եղել»,-նշել է Բարսեղյանը:

Անդրադառնալով ԵՄ-ի հայաստանյան գրասենյակից ստացված դրամաշնորհին՝ ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նշել է, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը հատկացրել է ոչ թե 462 479 այլ 370 000 եվրո. «Իրականում 370 000 եվրո է եղել գրանտային ծրագիրը: Մեր պայմանագրում հենց այդքան է նշված: Ամբողջ գումարը ստացել է ԻԵՄ կազմակերպությունը, որը ծախսվել է թրեյնինգների կազմակերպական, անձնակազմի և այլ գործողությունների վրա, մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ԻԵՄ-ից: Մեկ դիտորդի համար նախատեսված է եղել 15 000 դրամ, և պլանավորված է եղել 3000 դիտորդի համար: Այս պահին որքանն է ծախսվել, կդժվարանամ ասել»,-ասել է  Գրիգորյանը:

«Փաստորեն միևնույն դրամաշնորհի վերաբերյալ ԵՄ հայաստանյան պատվիրակության և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  ներկայացրած թվերի տարբերությունը կազմում է մոտ 92 հազար եվրո: Ընդ որում, ինչպես նշված է ԹԻՀԿ-ի պատասխանում՝ գումարը նախատեսված է եղել մոտ 3000 դիտորդի 15 հազարական դրամ վճարելու համար: Ստացվում է, որ այդքան մարդու վճարելու համար անհրաժեշտ է եղել մոտավորապես 85 հազար եվրո: Հետևաբար` մնացած 275 հազար եվրոն ենթադրաբար ծախսվել է «թրեյնինգների կազմակերպական և այլ գործողությունների վրա»: Հարկ է նշել, որ  ԵՄ-ի հայաստանյան պատվիրակությունից ստացված պարզաբանման մեջ նշված է, որ ծրագիրն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելուց բացի ունեցել է նաև այլ բաղադրիչներ, որոնց մասին հնարավոր չեղավ լրացուցիչ մանրամասնություններ ճշտել:  

ԱԺ ընտրությունների ավարտից շատ չանցած՝ ապրիլի կեսերին, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ  Լուսինե Հակոբյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը լրատվամիջոցներին հայտնեցին, թե բազմաթիվ դեպքերում դիտորդները անբարեխիղճ են գտնվել՝ խախտելով էթիկայի կանոններն ու իրենց կողմից առաջադրված չափանիշները:  Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ նախաձեռնության հարյուրավոր դիտորդներ, ովքեր մասնակցել են ԱԺ ընտրություններին, դժգոհում են, քանի որ իրենց չեն վճարում խոստացված 15 հազարական դրամները: 

Ըստ տեղեկությունների՝ դիտորդներին խոստացել են վճարել մինչև մայիսի 5-ը, ապա՝ 15-ը, մինչդեռ առ այսօր մարդիկ գնում են բանկ, իսկ այնտեղ ասում են, որ «Իրավունքի Եվրոպայի» ուղարկած ցուցակներում իրենց անունները չկան:  ...Դիտորդի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին նախորդած դասընթացների ժամանակ իրենք ստորագրել են լիազորագիր, որով արտոնել են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին իրենց փոխարեն հանդես գալ դատարանում՝ տեղամասերում արձանագրված խախտումների հարցով: Իրենց նաև հենց սկզբում խոստացել են վճարել 15 հազար դրամ, բայց որևէ պայմանագիր չի կնքվել այդ մասին»,-գրել է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել