Հիմնականում Մոսկվային և ռուսական մի քանի այլ խոշոր քաղաքներին բնորոշ կենցաղային մեծապետական շովինզիմի և, այսպես կոչված, «հարավցիների» հանդեպ քամահրանքի տարրերը տարօրինակ և ցավալի կերպով թափանցել են նաև մեր հասարակության որոշ խավերի միջավայր:

Վերջին երկու օրը Տաջիկստանի նախագահի՝ Երևան այցի հետ կապված որոշ գրառումներում և բանավոր զրույցներում տաջիկների հանդեպ ակնհայտ կամ կիսածածուկ քամահրական վերաբերմունքն ուղղակի պարադոքսալ է թվում, որովհետև նախ՝ մենք էլ «հարավցի» ենք, և երկրորդը՝ կենցաղային մեծապետական շովինիզմի ջատագովներ կամ կրողներ օբյեկտիվորեն չենք կարող լինել:

Կարծում եմ՝ միակ բացատրելի պատճառը, հաճախ անկախ մեր կամքից, տարբեր խողովակներով մեր իրականության համար, ըստ էության, խորթ ռուսաստանյան մեգապոլիսային հասարակական տրամադրությունների ազդեցությունն է մեր միջավայրի վրա, որոնց համաձայն՝ տաջիկը միայն Մոսկվայում աղբահանությամբ զբաղվողն է, մինչդեռ տաջիկները Կենտրոնական Ասիայի իրանցիներն են՝ այն ժողովուրդը, որը ստեղծել է այդ տարածաշրջանի ամենահարուստ և համաշխարհային հռչակ ունեցող մշակութային ժառանգությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել