Այսօր Երևանում տեղի է ունեցել չափազանց կարևոր իրադարձություն. երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող միջպետական փաստաթղթերի միանգամից մի քանի փաթեթների ստորագրմամբ նախագահ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ՝ Հայաստանը և Տաջիկստանն արձանագրել են հարաբերությունների պատմական նոր փուլ:

Տաջիկստանն, ըստ էության, Իրանից հետո երկրորդ իրանալեզու երկիրն է, որի հետ Հայաստանը ոչ միայն քաղաքական հարթությունում է պահպանում բարձր մակարդակի գործակցություն, այլև ձգտում է դրանք հնարավորինս խորացնել տնտեսական և մշակութային նորանոր ասպարեզների ընդգրկմամբ, ինչն ակներևաբար ձեռնտու է երկու կողմերին էլ:

Այս առումով իրանալեզու երկրների, պատկերավոր ասած, բարեկամական շղթան կամբողջանա, եթե մեր պետությունը նաև Աֆղանստանի հետ բազմակողմ հարաբերությունների խորացմանը միտված ակտիվ և լուրջ քայլեր ձեռնարկի՝ առավել ևս այն պայմաններում, երբ, բացի այլ գործոններից, հայկական զորամիավորումը խաղաղապահ առաքելություն է իրականացնում այս երկրի տարածքում:

Բարեկամ և գործընկեր պետությունների նման մի շղթայի ձևավորումը, բացի բազմաթիվ այլ դրական բաղադրիչներից, մեզ հնարավորություն կընձեռի ոչ միայն լրջագույնս ամրապնդելու Հայաստանի դիրքերը մահմեդական երկրների միջավայրում, այլև նույն այդ շրջանակում լրջորեն սահմանափակել, իսկ որոշ դեպքերում ուղղակի ի չիք դարձնել մեր հանդեպ թշնամական դիրքորոշում որդեգրած երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը:

#Հայաստանըևիրանալեզուաշխարհը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել