«168 ժամ»-ը զրուցել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
 
-Տիկին Զոհրաբյան, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակները համաձայնեցին, որ հանձնաժողովի մեկ անդամի թեկ­նածություն առաջադրի ընդդիմությունը: Բայց արդյոք սա բավարա՞ր է:
 
-Իհարկե բավարար չէ, բայց սա մենք համարում ենք որոշակի քայլ, որովհետև նախնական տարբերա­կով իշխանությունը պատրաստ չէր որևէ զիջման գնալու, և անընդհատ հղում էին անում Ջակարտայի համաձայնագրին, ըստ որի՝ քաղաքա­կան որևէ բաղադրիչ հանձնաժողո­վի կազմման գործընթացում չպետք է լինի: Սա, իհարկե, բավա­րար չէ, բայց սա այն նվազագույնն է, որ մենք այսօր ստացանք: Տես­նելով, թե ինչպես է աշխատում այդ հանձնաժողովը, իսկ ես ինձ համա­րում եմ շատ իրատես մարդ և վս­տահ եմ, որ մեր երկրում քանի դեռ լուծված չէ ապօրինի հարստաց­ման խնդիրը, քանի դեռ կան բազ­մաթիվ պաշտոնյաներ, կարող եմ ասել՝ նրանց գերակշիռ մեծամաս­նությունը, որոնք պաշտոնը դիտում են ուղիղ ճանապարհ դեպի ապօ­րինի հարստացում, ոչ մի կոռուպցիոն հանձնաժողով, ոչ մի հայտարարագրման ինստիտուտ, ոչ մի գիլյոտին, ոչ մի կախաղան, եթե անգամ վերականգնենք քրեական օրենսգրքում մահապատիժ հոդ­վածը և բոլորին գնդակահարենք, այս խնդիրը չի լուծելու: Սա միան­շանակ է: Քանի դեռ պաշտոնը դիտվում է ապօրինի հարստաց­ման ուղիղ ճանապարհ, քանի դեռ մեր երկրում այս բանաձևն է գոր­ծում, անկախ նրանից, թե ինչ է հայ­տարարում իշխանությունը, ան­կախ նրանից, թե ինչի դեմ են սրեր ճոճում, որևէ հանձնաժողով չի կա­րող արդյունավետ աշխատել: Բայց կրկնում եմ, ասել, որ չի աշխատելու, չփորձել գոնե այն նվազագույ­նը ստանալ, որ կարող է ստանալ ընդդիմությունը, դա ճիշտ ճանապարհ չէր լինի: Ուստի մենք առա­ջարկեցինք հարաբերականորեն գործուն մեխանիզմ, որ ընդդիմու­թյունը գոնե ինչ-որ վերահսկողական մասնակցություն ունենա: Մնացածը՝ կապրենք կտեսնենք:

-Այս պահին Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունները երկուսն են՝ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները: Ինչպե՞ս է առաջադր­վելու մեկ թեկնածու՝ երկուսի կող­մից:
 
-Կոնսենսուսով: Ես չեմ կարծում, որ այս հարցի վերաբերյալ մենք չկարողանանք «Ելքի» հետ գալ կոնսենսուսի: Ի վերջո, այստեղ «իմի» կամ «քոնի» խնդիր չկա: Այս­տեղ կա առավել արդյունավետ աշ­խատող թեկնածու առաջադրելու խնդիր:
 
-Բարձրաստիճան անձանց էթի­կայի հանձնաժողովի մասին, դրա ստեղծման ժամանակ ևս շատ դրական լույսի ներքո էին խոսում: Արդարացրեցի՞ն սպասումները:
 
-Այդ հանձնաժողովը գործում է 2012 թվականից, և դրա գործա­ռույթների մեջ մտնում է շահերի բախման հայտնաբերում, կեղծ հայտարարագրերի հետևից գնալ, մինչդեռ 2012 թվականից առ այսօր այդ հանձնաժողովը մատնված է եղել բացարձակ անգործության, բացի նրանից, որ տարին 1-2 անգամ մեզ նամակ են գրում, որ ներ­կայացնենք մեր հայտարարագիրը: Ես չեմ հիշում որևէ բացահայտման դեպք: Իսկ ասել, որ մեզանում հայ­տարարագրերը բոլորը 100 տոկոսանոց համապատասխանում են իրականությանը, չենք կարող: Պա­տահական չէ, որ ԱԺ նիստում ես նշեցի, որ հայտարարագրով պաշ­տոնյան բոմժ է, իսկ իրական ապ­րելակերպով՝ մուլտիմիլիարդատեր: Դա պե՞տք է հետաքրքրեր էթիկայի հանձնաժողովին: Պետք է: Բայց չգիտես ինչու՝ 2012 թվակա­նից առ այսօր այդ հանձնաժողո­վին, բացի մեզ գրություն ուղարկե­լուց, որ ձեր հայտարարագիրը ներկայացրեք, որևէ բան չի հետաքրքրել:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել