Aravot.am-ը գրում է.
Հունիսի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկեց և 80 կողմ, 14 դեմ և 61 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Աբխազիայի, Վրաստանի և Ցխինվալի շրջանի/Հարավային Օսիայի ներքին տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևին։ Այս բանաձևով Գլխավոր ասամբլեան ճանաչում է փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձը Վրաստան՝ անկախ նրանց ազգությունից։ Ի դեպ, նման բովանդակությամբ բանաձև Վրաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ն ընդունում է արդեն 10-րդ անգամ։ Բանաձևին դեմ քվեարկածների շարքում էին Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Կուբան, Սիրիան, Զիմբաբվեն և այլն։
 Ակնհայտ էր, որ բանաձևի ընդունումն ու Հայաստանի քվեարկությունը չէին կարող վրիպել Հայաստանի լրատվական-փորձագիտական հանրության աչքից, հետևաբար այն տարատեսակ մեկնաբանությունների, հետևությունների և վերլուծությունների տեղիք տվեց։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ անդրադառնալ բանաձևին «դեմ» քվեարկելու հիմնավորմանը։ Բանաձևը նախատեսում է փախստականների վերադարձ՝ առանց բուն հակամարտության կարգավորման։ Ակնհայտ է, որ առանց հակամարտության համապարփակ կարգավորման նման բան հնարավոր չէ, եթե խնդրի մնացած բաղադրիչները, օրինակ՝ ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ։
 Դիցուք, պատկերացրեք առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ամբողջական կարգավորման փախստականների վերադարձ իրենց բնակավայրեր։ Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը այս բանաձևի հետ։ Նախ` նշեմ, որ այս բանաձևի հիմնական աջակիցներն են ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության անդամ երկրները, որոնք մշտապես հանդես են գալիս միասնական ճակատով, իսկ օրակարգ մտնելուց առաջ բանաձևը կոչվել է «Ձգձգված հակամարտությունները «ՎՈՒԱՄ»-ի տարածքում և դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա»։
 Այս նախադասությունն արդեն ամեն ինչ ասում է բանաձևի բուն էության մասին։ Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկումը տեղափոխել ՄԱԿ, որտեղ մենք կպարտվենք առաջին իսկ քվեարկության ժամանակ։ Այսինքն՝ այս առումով բանաձևը մեզ համար անընդունելի է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել