Տուգանքներ և պարգևավճարներ. Ինչպես է աշխարհը պայքարում ծխելու դեմPanARMENIAN.Net-ը գրում է.

Հայաստանում մտադիր են արգելել ծխելը հասարակական վայրերում: Օրենքը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի արդեն 2017-ի նոյեմբերին: Դա թույլ կտա կրճատել ծխողների քանակը երկրում 30-40 տոկոսով: Դիտարկվում է նաև հարկերի հնարավոր բարձրացումը ծխախոտային արտադրանքի համար, որի արդյունքում ծխախոտի գինը կաճի: PanARMENIAN.Net ը պատմում է, թե ինչպես են պայքարում ծխելու դեմ այլ երկրներում:

ԱՄՆ. բուժապահովագրություն

2010-ի հունվարի 1-ից ԱՄՆ 29 նահանգում ուժի մեջ է մտել ծխելու արգելքը ռեստորաններում, ԱՄՆ 26 նահանգում՝ արգելվում է ծխել բարերում: Հանրային վայրերում, լողափերում, զբոսայգիներում և Թայմս սքվերում ծխելու համար տուգանքը 50 դոլար է: Բուժապահովագրության արժեքը ծխողների համար մի քանի անգամ թանկ է, ինչը նրանց հանրության աչքում դարձնում է շռայլող, իսկ յուրաքանչյուր նահանգում կան նաև տարբեր սահմանափակումներ ծխողների համար:

Շվեդիա. պարգևավճարներ և կրթաթոշակներ

Շվեդիայում ծխելու խնդրին համալիր են մոտենում: Այդ երկրում ծխախոտն աշխարհում անենաթանկերից է, իսկ վերադասը բավականին մեծ պարգևավճարներ է հանձնում այն աշխատակիցներին, որոնց հաջողվել է հրաժարվել ծխախոտից: Եվ նույնիսկ ուսանողը, որը հավակնում է կրթաթոշակի, պետք է առաջին հերթին ձերբազատվի այդ վնասակար սովորությունից:

Սինգապուր. հարկեր, արգելքներ, գովազդ ու սարսափազդու լուսանկարներ

Սինգապուրում ծխախտոի դեմ պայքարում են ավելի քան 30 տարի: Այդ ընթացքում ծխախոտի սպառումը երկրում հաջողվել է նվազեցնել ավելի քան 3 անգամ: Այս երկրում ծխելն արգելված է գրեթե ամենուր. բարերում, ռեստորաններում, կանգառներում, գիշերային ակումբներում, զբոսայգիներում, բնակելի շենքերի հարևանությամբ: Տուգանքները ևս զգալի են՝ $200-1000: Երկրում արգելված է ծխախոտի գովազդը և բարձր հարկ է սահմանված ծխախոտի համար՝ մեկ տուփի արժեքը սկսվում է $8-ից: Իսկ ծխախոտի տուփերի վրա պատկերված լուսանկարները սարսափեցնում են. սարսափելի խոցերը էնֆիզեմայից, ծխողների սև ու փտած ատամները, զարգացման պաթոլոգիաներով մանուկները:

Իռլանդիա. ծխեք փաբերում և բանտերում

Իռլանդիայում 2004-ի մարտին առաջինն աշխարհում շրջանառության մեջ է դրել ծխելու արգելքը փակ տարածքներում, որտեղ աշխատում են մարդիկ, ինչպես նաև հանրային վայրերում, այդ թվում ռեստորաններում, փաբերում և սրճարաններում: Ծխել թույլատրվում է հատուկ սահմանված տեղերում՝ հյուրանոցներում, բանտերում, ինտերնատներում ու հոգեբուժական կլինիկաներում: Արգելքը խախտողները նաև տուգանք են վճարում՝ €3000:

Նիդերլանդներ. $200 ծխելուց հրաժարվելու համար

Հոլանդիայի ցանկացած քաղաքացի, որը հրաժարվել է կամ ուղղակի չունի այդպիսի վնասակար սովորություն, կարող է պարգևավճար ստանալ պետությունից՝ դրա համար նա պետք է հատուկ թեստ անցնի, եթե ստուգման արդյունքում ոչինչ չստացվի, ապա մարդը ամսական կստանա 200 դոլար:

Իտալիա. հոգածություն հղիների հանդեպ

Իտալիայում 2005-ի հունվարի 1-ից նոր տուգանք է սահմանվել հասարակական վայրերում ծխելու համար: Տուգանքը €25-€250 է, իսկ հղի կնոջ կամ մինչև 12 տարեկան երեխայի մոտ ծխելու համար՝ €500:

Գերմանիա. ծխողների հատուկ ակումբներ

Գերմանիան 2007-ի սեպտեմբերի 1-ից ծխելու արգելք է սահմանել բոլոր պետական, հասարակական հաստատություններում և քաղաքային տրանսպորտի բոլոր միջոցներում, այդ թվում տաքսիում: Տուգանքը €25- €250 է: Ծխելը թույլատրված է հատուկ տարածքներում: Բացի այդ, Գերմանիայի որոշ քաղաքներում կան հատուկ «Ծխողների ակումբներ»՝ Raucher Clubs, սակայն, այնտեղ այցելելու համար պետք է ակումբի անդամ լինել:

Ֆրանսիա. մեղմ տուգանքներ, ծխել պատշգամբում

Չնայած 2008-ին սահմանված արգելքին, Ֆրանսիայում ծխողներին այդքան խիստ չեն վերաբերվում: Արգելքը խախտողներին 68 եվրո տուգանք է սպառնում, իսկ հաստատությունների ղեկավարներին, որոնք չեն պահպանում արգելքը՝ 135 եվրո: Ծխել չի կարելի ակումբներում, ռեստորաններում ու սրճարաններում, սակայն դա կարելի է անել բաց պատշգամբներում: Ֆրանսիայում ծխախոտի գնաճը նպաստել է թոքերի քաղցկեղից մահացության մակարդակի նվազեցման վրա 35-44 տարեկան տղամարդկանց շրջանում:

Հունաստան. օրենքը չի աշխատում

Հակածխախոտային օրենքը, որն ընդունվել է 2010-ին, չի աշխատում: Ասվում է, որ 2015-2016թթ. հակածխախոտային օրենքի հաշվին Հունաստանի գանձարանի համալրումը զրոյական է եղել: Մինչդեռ տուգանքներն օրենքի խախտման համար շոշափելի են՝ 50-200 եվրո, իսկ հասարակական տրանսպորտում ծխելու համար՝ 3000 եվրո:

Ռուսաստան. արգելված է ցույց տալ ծխող մարդկանց

Ռուսաստանում հասարակական հաստատություններում ծխելու արգելք է սահմանված, այդ թվում տրանսպորտում, կայարաններում, բացառությամբ հատուկ սահմանված վայրերի: Արգելված է նաև հեռուստատեսությամբ ցույց տալ ծխող մարդկանց (եթե դա գեղարվեստական գաղափարի մաս չէ), ինչպես նաև գովազդել ԶԼՄ-ներում:

«Իսլամական պետություն»

Չի կարելի ծխել և մաստակ օգտագործել: Արգելքի խախտման համար՝ մտրակի 80 հարված: 2015-ին ԻՊ գլխավոր դահճին գլխատեցին ծխելու համար: Եղել են նաև մահապատժի դեպքեր ծխախոտ վաճառելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել