Ներկայացնում ենք հատված «Առավոտ»-ի խմբագրականից.

«5-րդ գումարման Ազգային ժողովում 6 խմբակցություն կար: Ներկայումս դրանք 4-ն են, զուտ թվաբանական առումով դա հետընթաց է` որքան բազմազան, այնքան լավ: Բացի այդ, որքան շատ են չբավարարված հավակնություններով քաղաքական ուժերը, այնքան վատ:

Դժվար է այդ «չբավարարված» վիճակով մտքերն ուղղել կառուցողական հուն, երբ չես հասել քո նպատակներին, ապա նեղվում ես ոչ միայն իշխանություններից, այլև խորհրդարան անցած ընդդիմադիրներից, որոնց այս պարագայում պարտադիր անվանելու ես «ծախված» և «վերահսկվող»:

Բայց խորհրդարան չանցնելը դեռևս աշխարհի վերջը չէ: Եթե կան գաղափարներ, ապա դրանք կարելի է իրագործել նաև խորհրդարանից դուրս գտնվելով: Մանավանդ, որ ներկայումս գաղափարներ քարոզելու համար բազմաթիվ հարթակներ կան: Եթե դրանք ավելի օրիգինալ են, քան «երկիրը կործանվում է» և «այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա» բանաձևերը, ապա դրանք կարող են հետաքրքիր լինել հասարակության կամ, համենայնդեպս, դրա որոշակի շերտերի համար:

Ինչ պետք է անի արտախորհրդարանական ընդդիմությունը: Նախ` դուրս գա շոկային վիճակից կամ, ավելի պարզ լեզվով ասած` «մանթրաժից»: Դա, իհարկե, վաղ թե ուշ տեղի կունենա, պարզապես պետք չէ, «ազգային մենթալիտետի» համաձայն, ամիսներով «դարդ անել»: Հետագա քայլերը կարող են լինել. 1. ընտրություններում թույլ տրված սեփական սխալների անաչառ վերլուծությունը և գնահատականը (ցանկալի է` հրապարակային), 2. առաջիկա 5 տարիների գաղափարական և քարոզչական ուղղությունների ճշգրտումը, 3. նոր դաշնակիցներ և համախոհներ փնտրելը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել