«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը բավական մեծ կարողությունների տեր մարդ է: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից: Դանիելյանը հայտարարագրել է 20 միլիոն դրամ, 242 հազար ամերիկյան դոլար և 148 հազար եվրո դրամական միջոցներ:

Նրա տարեկան եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 8 միլիոն 694 հազար դրամ: Կինը՝ Էլզա Աղաբաբյանը, նույնպես հարուստ է: Նա հայտարարագրել է 32 միլիոն դրամ դրամական միջոցներ: Ըստ հայտարարագրի՝ նախորդ տարի եկամուտներ չի ունեցել: Դանիելյանը 2009 թ. զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Չորս տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո նրան նշանակել են նույն դատարանի նախագահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել