Նոր ձևավորված խորհրդարանի աշխատանքներն արդեն իրենց հետ մի շարք հարցեր են առաջ բերում: Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նիստին ԵԼՔ դաշինքը քաղաքական որոշում էր կայացրել բոյկոտելու նախագահի ելույթը: 

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենց որոշումը պայմանավորված է խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններում լայնորեն կիրառված ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի օգտագործման հանգամանքով:

Սոցիալական ցանցերում կարծիքներ էին հնչում, թե ելույթը բոյկոտելը իմաստ չունի, քանի որ դաշինքի անդամները, այնուամենայնիվ, նիստից հետո լսելու են նախագահի ելույթը: Այս կարծիքը հերքվում էր դաշինքի ակտիվի կողմից:
Երեկ տեղի ունեցած ԱԺ հերթական նիստի ժամանակ դաշինքի անդամ Արամ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որի ժամանակ նշեց. «Բա ասում էիք, որ սա նոր խորհրդարան է, նոր հիմքեր ու տրադիցիաներ պետք է դնենք, որ ախպոր պես պետք է աշխատենք, այ ՀՀԿ ախպեր ջան, ձեր նախագահն էլ էր էդ ասում, որ փոքրամասնության կարծիքը լսել է պետք»:

Մի հարց է առաջ գալիս: Եթե ԵԼՔ դաշինքի անդամները պնդում էին, որ իրենք ամբողջությամբ բոյկոտում են նախագահի ելույթն ու անգամ նիստից հետո չեն պատրաստվում դա լսել, ապա ինչպե՞ս է լինում, որ Արամ Սարգսյանը բավականին մանրակրկիտ ձևով տիրապետում է Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերին:
Սրանք երկակի ստանդարտնե՞ր են, թե՞ պարզապես Ելքը նախընտրական շոուն տեղափոխել է խորհրդարանի դահլիճ: Հարցն այն է, որ խոսք-գործ տրամաբանական շղթան այստեղ կտրված է: Մնում է միայն հասկանալ, թե բոյկոտի որոշումը ի՞նչ խնդիր էր փորձում լուծել՝ զուտ կոսմետի՞կ, թե՞ գաղափարական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել