Ներկայացնում ենք «Առավոտ»-ի խմբագրականից մի հատված։


«Ես գիտեմ մարդկանց, որոնք իրենց ազատ ժամանակը սրճարաններում կամ պուրակների նստարաններին անցկացնելով՝ հանում են իրենց հեռախոսները և սկսում են լսել Նիկոլ Փաշինյանի ելույթները: Դրանք իսկապես սուր են, խարազանող, դրամատուրգիայի տեսանկյունից լավ են կառուցված և հարուստ են դիպուկ արտահայտություններով ու սրամիտ համեմատություններով: Պարզապես ինձ չի թվում, որ անհրաժեշտ է ամեն մի մանր խնդրի կամ, ինչպես ԱԺ նորընտիր նախագահն է ասում, «ծիտիկի» («պտիշկայի») համար «ղժիկ» կամ «տժիկ» սարքել: Երբ գործը հասնի լուրջ հարցերի, հռետորական արվեստն ավելի շատ պետք կգա, և այն ժամանակ «ղժիկը» դարձյալ կընկալվի որպես սովորական, առօրյա երետւյթ: Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները և, առաջին հերթին կայքերը չեն խորանում, թե ինչպես պետք է լուծվի այս կամ այն օրինագծում նկարագրված խնդիրը՝ դա շատ քչերին է հուզում: Փոխարենը մարդկանց շատ է հետաքրքրում, թե ով ում, դարձյալ օգտագործելով մեծամասնության բառապաշարը, «տռաս հանեց»: Բայց կարող են լինել հարցեր, որտեղ հասարակությունն իսկապես պետք է կողմնորոշվի, սակայն չի կարողանա, որովհետև խնդիրը կթաղվի հռետորաբանական հնարքների մեջ: Դահլիճում այդ ժանրի քննարկումները կարելի է պակասեցնել՝ մանավանդ, որ լրատվամիջոցների և օգտատերերի համար «ղժալու» լայն հնարավորություն են տալիս «միջանցքային հարցազրույցները»: Իհարկե, Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանն այլևս խորհրդարանում չեն: Փոխարենը մնացել է գեներալ Սեյրան Սարոյանը, որի հետ լրագրողների զրույցները կարող են անվերջ ձգվել և չձանձրացնել youtube-ի օգտատերերին: Բայց այդ առումով, կարծում եմ, խորհրդարանական միջանցքների ծագող աստղ է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը դեռ մինչև վերջ չի բացահայտել իր բոլոր տաղանդները: Այնպես որ, «քաղաքականություն» սիրողները սրճարաններում հաստատ զբաղմունք կունենան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել