«Փաստ» օրաթերթը գրում է.

«2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ԲՀԿ-ն լքած ու վերջին խորհրդարանի ընտրություններում ՀՀԿ-ից առաջադրված, բայց Արագածոտնի մարզում պարտված պատգամավոր Արագած Ախոյանը ոչ միայն Հայաստանում շինարարություն է անում, այլև նոր թափով լծվել է «Արեւմտյան Հայաստանում հայ ինքնության վերականգնման գործին»:

Նա Թուրքիայում ստեղծված «Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպության աշխատանքային խմբի անդամ է և լիազոր ներկայացուցիչը Հայաստանում: «Աշխատում ենք քաղաքացիական հասարակության հետ, այն շերտերի հետ, որոնց շփումներն անցնում են միմիայն Ցեղասպանության ճանաչման և հետեւանքների վերացման խողովակով և այդ հարթության մեջ փորձում ենք ինքնության վերականգնման խնդիր լուծել Արևմտյան Հայաստանում և երկու ազգերի միմյանց ավելի շատ ճանաչելու»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Ախոյանը:

Արագած Ախոյանը նաեւ «Արեւմտահայոց ազգային համագումարի» մշակույթի հանձնաժողովի նախագահն է ու մշակույթով է զբաղվում: Ինչպես հայտնի է, Արագած Ախոյանը մասնագիտությամբ գեղանկարիչ է ու ընտրություններում պարտվելուց հետո հայտարարել էր, թե հնարավոր է նկարչությամբ զբաղվի: Երեկ նրանից հետաքրքրվեցինք, թե այժմ զբաղվո՞ւմ է նկարչությամբ և ի՞նչ է նկարում: «Ես նկարչությամբ զբաղվում եմ ամեն օր, ամեն հարմար առիթի, էնպես որ դա ապրելակերպ է: Դրանով միշտ էլ զբաղվել եմ, հիմա հարմար պահերի եմ զբաղվում: Հարցին, թե ի՞նչ է նկարում ընտրություններից հետո, Ախոյանը նման պատասխան տվեց. «Ինչը պիտի փոխվեր ընտրություններից առաջ եւ հետո, ես բնապատկերներ եմ նկարում: Ամեն ինչ եմ նկարում՝ հիմականում ծաղիկներ, հայրենի բնություն»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել