«Կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրություններով, ըստ էության, ավարտվեց մի կարևորագույն քաղաքական ցիկլ, որը կանխորոշելու է առաջիկա տարիներին, առաջին հերթին` 2018 թվականին, տեղի ունենալիք փոփոխությունները: Առաջիկա չորս տարիներին Հայաստանում այլևս համապետական ընտրություններ տեղի չեն ունենալու: Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե ընտրությունների հիմնական նպատակը՝ իշխանության համար պայքարը, դադարելու է լինել քաղաքական կյանքի շարժիչ ուժը: Ճիշտ հակառակը, առաջիկա մեկ տարվա ընթացքում այն ավելի սրվելու է: Առանձնահատկությունը, սակայն, այն է, որ գոնե այս պահին տեսանելի իրողությունների պայմաններում, առաջիկա մեկ տարում իշխանության համար պայքարն ընթանալու է գործող իշխանական համակարգի ներսում` այդ համակարգի մի քանի թևերի, շերտերի ու բևեռների միջև: Այդ բևեռներից մեկն էլ, ի դեպ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով վերընտրվեց իր պաշտոնում: Խոսքը Տարոն Մարգարյանի` իշխանության համար պայքարում առանձին հանդես գալու մասին չէ, այլ` այդ պայքարի բևեռներից որևէ մեկին նրա աջակցության: Ի վերջո, նա գրեթե առաջնային մանդատ ունեցող երկրորդ ազդեցիկ պաշտոնյան է` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից հետո, ում էլ, ամենայն հավանականությամբ, կաջակցի Տարոն Մարգարյանը ներիշխանական պայքարում: Ինչ վերաբերում է մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներին, ապա դրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի վիտրաժային ժողովրդավարությամբ փաթեթավորված միահեծան համակարգ: Երևանի ավագանու ընտրությունները խորհրդարանական ընտրությունների օրգանական շարունակությունն էին, որոնցով էլ ավելի ամրապնդվեց Հանրապետական կուսակցության միահեծան իշխանությունը` արդեն նաև մայրաքաղաքի մասշտաբով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել