Похожее изображениеՖրանսիայի այս ընտրությունները սարսափեցնող էին ոչ այնքան իրենց արդյունքներով, որքան նրանով, թե որքան մակերեսային, պրոպագանդված և լվացված ուղեղներով տրամաբանությամբ են առաջնորդվում ֆրանսիացիների մի զգալի մաս և դրսի օտարազգիների՝ իրենց ժողովրդավար երևակայողների հսկայական զանգվածներ:
Մեկնաբանությունների և արտահայտվող կարծիքների գերակշիռ մեծամասնությունը առաջ է բերում խղճահարություն, որովհետև սկսում ես հասկանալ, որ մարդկանց մեծամասնությունը դատում է հեռուստաեթերից իրենց մատուցվող պիտակներով և կեղծ պրոպագանդայով:

Ու մինչդեռ հայ լսարանն առավել ներողամիտ վերաբերմունքի է արժանի, քանի որ ո՛չ ֆրանսերեն է խոսում, ո՛չ էլ, մեծ հաշվով, տեղյակ է Ֆրանսիայի իրականությունից, ֆրանսիական այսօրվա հեռուստաեթերը սարսափեցնող էր: Որքան մարդ և քաղաքական գործիչ ու վերլուծաբան Ֆրանսիայում չի պատկերացնում սեփական երկրում ստեղծված իրականությունը և դեռևս ապրում է մի աշխարհում, որը վաղուց այլևս գոյություն չունի:

Եվ վերջում. Մակրոնի այս հաղթանակը, այսպես կոչված, «ծայրահեղ աջ ուժերի»՝ հինգ տարի հետո կանխատեսելի հաղթանակի պատվանդանն է: Այս հինգ տարիների ընթացքում Ֆրանսիան անխուսափելիորեն նոր ապացույցներ կստանա այն բանի, որ աշխարհը փոխվել է, և հետպատերազմական եվրոպական հայեցակարգերն այլևս իսպառ սպառել են իրենց: Ընդդեմ և ոչ հանուն քվեարկելով՝ ֆրանսիացիների քաղաքական հեռանկարը բավական մշուշոտ կարող է լինել:

Իսկ մինչ այդ, ցավոք սրտի, ցնցումները կահագնանան...

Հ.Գ. Խնդրանք մեր հայրենակիցներին. եթե չեք ուզում դիլետանտ, բայց ամուր կարծիք ունեցող երևալ, ձեռնպահ մնացեք մեկնաբանություններից: Մեծ շանսեր կան, որ մոլորյալ մտքեր եք արտահայտում: Այս հարցում լռությունը ոսկի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել