Սուրբ Հարության կամ Զատկի տոնին ընդառաջ Tert.am-ը հետաքրքրվել է, թե ձկան, ձվի, գինու, կանաչիի շուկաներում սպառման ինչ ծավալներ են նախատեսվում և գնային ինչ տատանումներ կան:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանի արտադրողները կարողանում են այդ օրերին ձվի պահանջարկը ապահովել, և այս տարի ևս ներկրում չի լինի:
«Եթե շուկայում դեֆիցիտ լինի, կամ այստեղի գները հարևան երկրի շուկայի գներից բարձր լինեն, ապա անմիջապես կներկրվի: Այսօրվա մեր ունեցած մնացորդները և այդ օրերի արտադրությունը լրիվ ապահովում են, որ շուկայում ձվի գինը չավելանա: Պաշտոնական հայտարարում եմ, որ ձվի գինը չի բարձրացել ու չի բարձրանա այս օրերին»,-ասաց նա:
Սերգեյ Ստեփանյանը հայտնեց, որ ձվի բացթողնման գինը 55-56 դրամ է: «Միշտ նկատվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ գնի արհեստական բարձրացում՝ հիմնականում փոքր մանրածախ խանութներում, որտեղ ձվի գինը մեծ մարկետների համեմատ 5-6 դրամով բարձր է լինում: Սուպերմարկետները, որոնք իրենց շարժական միջոցներով կենտրոնացված առաքում են անում, գինը չեն բարձրացնում: Մեծ դեր են խաղում նաև անհատ ձեռներեց առաքիչները, միջնորդները ովքեր ևս կարող 4-5 դրամ գինը բարձրացնել։ Դրա համար, թվում է, թե արտադրողներն են գինը բարձրացնում: Այսինքն` թանկացնողը ոչ թե արտադրողն է, այլ մանրածախ առևտրի ցանցը»,-ասաց նա:
Ըստ նրա՝ այդ դաշտը դժվար վերահսկելի է հարկային մարմնի և տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի կողմից, քանի որ այդքան խանութ չեն կարող վերահսկել:
Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ սովորաբար օրական սպառվում է 2100-2200 արկղ ձու, իսկ Զատկին՝ 2400-2500 արկղ: Նրա դիտարկմամբ՝ Նոր տարուն սպառումն ավելի շատ է ավելանում, քան Զատկին:
«Թեև պահանջարկը մեծանում է, սակայն արտադրողները չեն գնում գնի բարձրացման, քանի որ իրենք արտադրությունն այնպես են կազմակերպում, որ արտադրության ծավալներն ավելացնեն: Ավելի ձեռնտու է ավելի շատ քանակով արտադրեն, քան գինը ավելացնեն»,-ասաց նա:
Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը հայտնեց, որ սովորաբար Զատկին ձկան սպառումը միջինում հինգ անգամ ավելի է լինում: Նա նշեց, որ թանկացումներ ներկայում էլ կան. մինչ Զատիկ շուրջ 50 տոկոսով թանկացել է ձկնամթերքը, իսկ այս օրերին էլ, հնարավոր է՝ 20 տոկոսով թանկանա:
«Դա տնտեսվարող սուբյեկտը չի թանկացնում, շուկայի պահանջարկն է ավելանում, գինը բարձրանում է»,-ասաց նա և պարզաբանեց, որ 50 տոկոս թանկացումը պայմանավորված է շուկայում առկա ճգնաժամի և տնտեսությունների փակման կետ:



