Ադրբեջանում նկատելիորեն աճում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի միջնորդական գործունեությունից դժգոհությունը և այն սկսում է հորդալ նաև հանրային ասպարեզ: Այս մասին ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձում գրում է Eurasianet.org-ը:
«Ըստ Բաքվի պաշտոնական շրջանակների ու վերլուծաբանների՝ դժգոհության խթանը Ռուսաստանի արձագանքն էր 2016-ի ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված կռվին: Ադրբեջանի ղեկավարները ակնկալում էին, որ Ռուսաստանը հակված կլինի իր ազդեցությունը բանեցնել Հայաստանի հանդեպ՝ ղարաբաղյան խաղաղության բանակցություններում նրան ավելի ենթարկվող դարձնելու համար: Բայց, ինչպես Բաքի պաշտոնյաներն են բողոքում, Ռուսաստանն ավելի պասիվ մոտեցում որդեգրեց»,- գրում է պարբերականը:
Պարբերականի դիտարկմամբ, Բաքվում դժգոհում են Ռուսաստանից նաև այն բանի համար, որ վերջինս աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությանը՝ սահմանային միջադեպերի հետաքննության համար մեխանիզմների ներդրման հարցում:
Դժգոհության հաջորդ առիթն, ըստ պարբերականի, այն է, որ Բաքվում հույս ունեն հայ-թուրքական սահմանի փակ լինելու խնդիրը որպես մահակ կիրառել ղարաբաղյան հարցով բանակցություններում, սակայն ՌԴ արտգործնախարարի օրերս արված հայտարարությունը հայ-թուրքական հնարավոր բանակցությունների մասին, նշանակում է, որ Մոսկվան այս հարցերն իրարից անկախ է դիտարկում:
Պարբերականի փոխանցմամբ, ավելին, որոշ վերլուծաբաններ հավատում են, որ ՌԴ արտգործնախարարը կողմնակալ մոտեցում ունի հայկական կողմի հանդեպ, քանի որ իր հայրը նույնպես հայ է եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


