168.am-ը գրում է.
 Նորք­-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գտնվում է մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Ապրիլի 13-­ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Դատավարության պատասխանին ծանոթ եմ և չեմ ուզում դա մեկնաբանել: Ես ևս մեկ հայտարարություն տարածեցի և պահանջեցի, որ Վահան Շիրխանյանը նորից ենթարկվի հետազոտությունների: Դրանից հետո Վահան Շիրխանյանը ենթարկվել է որոշ հետազոտությունների և սկսել է դեղեր ստանալ: Ներկայումս նա գտնվում «Դատապարտյալների հիվանդանոցում», – նշեց Թաթոյանը:

ՄԻՊ­ն առաջարկել է նաև Վահան Շիրխանյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որից հետո քննարկումներ է ունեցել արդարադատության նախարարության հետ: «Հիմա «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պայմանները ավելի բարվոք են, Վահան Շիրխանյանը որոշակի գոհունակություն է հայտնել: Բայց դա մեզ համար բավարար չէ, պետք է ուսումնասիրությունները շարունակենք, որպեսզի հասկանանք, թե ընթացիկ իրավիճակն ինչպիսին է լինելու»,- եզրափակեց Թաթոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել