Tert.am-ը գրում է.
 Եվրասիական տնտեսական միությունում այս պահին խոսք լինել անգամ չի կարող միասնական արժույթին անցում կատարելու մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ, Ռուսաստանում Deutsche Bank-ի նախկին գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:  
 Ներկայումս ԵԱՏՄ-ն քննարկում է միայն մեկ հարց՝ ինչպես նվազեցնել ինֆլյացիան միության անդամ բոլոր պետություններում: Իսկ սա, ըստ Լիսովոլիկի, կախված նրանից, թե ինչպես կհամակարգվի դրամավարկային քաղաքականությունը:
 «ԵԱՏՄ-ում միասնական արժույթ գործի դնելը լավագույն դեպքում երկարաժամկետ հեռանկար է: Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում ճիշտ են անում, որ փորձում են իրատես գտնվել, իրենց առաջ չեն դնում անիրականանալի նպատակներ, հաշվի են առնում միասնական արժույթի գործածման միջազգային փորձը, որը դժվարություններով ներդրվեց, հիմնականում այն պատճառով, որ միասնական կոորդինացիայի հիմնարար գործոնները չէին հաշվվել բավարար չափով»,- նշեց Յարոսլավ Լիսովոլիկը:
 Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ-ում կա առողջ, իրատեսական մոտեցում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ, որի արդյունքում ընդունվող առանցքային որոշումները պետք է հաշվի առնեն միության անդամ բոլոր պետությունների շահերը: Այս առումով, ըստ Յ. Լիսովոլիկի, միասնական արժույթի գործածությունը հեռավոր ապագայի հարց է, «եթե այն, իհարկե, դրվի ԵԱՏՄ օրակարգում»:

Հասկանալու համար՝ ԵԱՏՄ անդամ-երկրները համապատասխանո՞ւմ են միասնական արժույթին անցում կատարելու չափորոշիչներին, տնտեսագետը հորդորեց նայել եվրոպական փորձը՝ նշելով, որ միության ամրապնդման ճանապարհին Եվրամիությունը լինելու է ուղեցույց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել