Armtimes.com-ը գրում է.ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման, հաստատման կարգը սահմանելու եւ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագծերը:
Ըստ Իգնատի Առաքելյանի, անհրաժեշտություն է առաջացել՝ բնակլիմայական աղետների կանխարգելման եւ վերացման ուղղությամբ պատրաստված հայեցակարգը պետք է ելակետ հանդիսանա գյուղատնտեսությունում քաղաքականության հստակեցման եւ նպատակային ծրագրերի իրականացման համար: Նախագծի ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը, տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը եւ գյուղում աղքատության նվազմանը:
Նախարարը, երկար թվելով կառավարության որոշման առավելությունները, վարչապետին հարցրեց. «Երկա՞ր եմ ասում»: Կարեն Կարապետյանն արագ արձագանքեց. «Չէ, երկար չեք ասում: Ուղղակի շատ լավ բան եք նախատեսել, այս միջոցառումների մեջ մտնում է ապահովագրումը, ոռոգման համակարգի բարելավումը, կարկտապաշտպանական միջոցների, հողատեսքերի հակահեղեղային պաշտպանությունը, սերմնաբուծությունը: Կարծում եմ, վստահ եմ ավելի ճիշտ՝ լավ, շատ խելոք համակարգ է: Պարոն Տոնոյանի հետ համագործակցում եք, կանխատեսումները, պրագնոզները, տեխնիկան, մենք այնտեղ լիքը-լիքը բարելավելու բան ունենք»:
Իգնատի Առաքելյանը մեկ այլ որոշման նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում էր մի շարք գյուղացիական փակ բաժնետիրական ընկերություններ լուծարել: Նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսական աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման շրջանակի ընդլայնմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



