Image may contain: 2 people, suitԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ 5 ժամ Լավրովի հետ է բանակցել, այնուհետև ևս երկու ժամ՝ Պուտինի։ Արդեն իսկ բանակցությունների տևողությունից կարելի է եզրակացնել, որ դրանք ամենևին դյուրին չեն եղել, բայց, միևնույն ժամանակ, դժվար է ասել, որ խիստ արդյունավետ են եղել։

Բանակցություններից հետո կողմերի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ որոշակի առաջընթաց, այնուամենայնիվ, գրանցվել է։ Համենայն դեպս, քննարկումների բուն առարկա հանդիսացող սիրիական հարցով կողմերը մնացել են բևեռային տեսակետների, բայց մի շարք այլ հարցերով դրական ազդակներ կան, որոնք հուշում են դեէսկալացման մասին։ Մասնավորապես, թեև ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ տխրահռչակ քիմիական գրոհի հետևում պաշտոնական Դամասկոսն է կանգնած, և ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու համար ՌԴ-ն պետք է հրաժարվի Ասադի, Իրանի ու Հզբոլլաhի հետ համագործակցությունից, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին ասում է՝ «ղալլաթ եք արել, նախ` ապացուցեք», այդուհանդերձ, կողմերը պատրաստակամություն են հայտնել վերադառնալու Սիրիայի օդային տարածքում էքսցեսների բացառման նպատակով ստեղծված հուշագրին, որը Ռուսաստանը կասեցրել էր հրթիռային հարվածից հետո, ինչպես նաև անզիջում պայքար մղելու ԻՊ-ի դեմ։

Նման լղոզված ու մշուշոտ հայտարարություններից ճշգրիտ հետևություններ անելը բավականին բարդ է։ Պետք է հստակ հասկանալ, որ ԱՄՆ-ն բանակցությունների ամենալավ եզրահանգման պարագայում չէր հայտարարելու միանգամից, որ հրթիռային հարված հասցնելը սխալ որոշում էր, իսկ իրենք հերթական անգամ ստում են, որ ապացույցներ ունեն Ասադի մեղավորության վերաբերյալ, որովհետև մի գեղեցիկ օր որոշվել էր կրկին փորձել տապալել Սիրիայի օֆիցիալ իշխանություններին։ Սակայն չի կարելի բացառել նաև, որ ԱՄՆ-ն ոչ միայն չի հրաժարվել այս վեկտորից, այլև շարունակելու է այս դիրքորոշմանը մնալ, իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանն ավելի պինդ պետք է ձգի գոտիները և պատրաստվի նոր պատժամիջոցների, նավթի ու գազի գների նոր անկման ու սպառազինության նոր մրցավազքի։

Ցանկացած պարագայում մի բան ակնհայտ է․ Ռուսաստանը դեռ 2014 թվականին վա բանկ է գնացել, և այժմ Պուտինը չի կարող իրեն թույլ տալ նահանջի գնալու շռայլություն։ Նա չի կարող դա անել ո՛չ Սիրիայում, ո՛չ Ուկրաինայում, որովհետև դա ոչ միայն սեփական իշխանության անփառունակ ավարտ կնշանակի, այլ ռուսական պետության նոր փլուզման հիմնական զարկը կլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել