Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
««ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի և տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի, կրկին միջազգային համայնքի անուշադրության հետևանքով։ Գոնե այս հարցով զբաղվող դիվանագետները չպետք է կորցնեն բանակցային թելը՝ անընդհատ աշխատելով կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։
 
Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը հաղթահարելու համար գերտերություններից լուրջ դիվանագիտական ջանքեր են պահանջվելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ այլ հակամարտությունների ուղղությամբ նրանց ուշադրության վրա»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան լարվածության հնարավոր ազդեցությանը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա։ Իսկ Թուրք վերլուծաբան Չենգիզ Աքթարի խոսքով՝ ստեղծված իրավիճակից կարող է փորձել օգտվել միայն Ադրբեջանը, որը հստակ նպատակներ է հետապնդում այս հակամարտությունում։
 
«Կողմերը, հատկապես՝ Հայաստանը, այս դեպքում պետք է զգոն լինեն, քանի որ դրա բացակայության դեպքում Ադրբեջանը կարող է իրավիճակից օգտվել այնպես, ինչպես ռուս-թուրքական սրման դեպքում։ Անցյալ տարվա ապրիլից առաջ ևս որևէ մեկը չէր սպասում, որ կլինի պատերազմ, որ կլինեն պատերազմով շահագրգռված կողմեր, բայց եղան։ Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել»,- ասել է թուրք վերլուծաբանը։ Վերջինս չի կարծում, որ Ռուսաստանը կփորձարկի Թրամփին Ղարաբաղյան գոտում, քանի որ Ռուսաստանն արդեն իսկ սկսել է նահանջի քաղաքականությունը»,–գրում է թերթը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել