Newmag-ը գրում է.
 Զարթոնքի գյուղնշանակության հողատարածքները նահանջելով իրենց տեղը զիջում են աղակալված մեռյալ անապատին: Գյուղի 1700 հեկտար հողատարածքից այսօր մշակելի է մնացել ընդամենը 320 հեկտարը:

Նազիրյանների ընտանիքն իր կես հեկտար հողատարածքից կարողանում է մշակել մեկ հինգերորդը: Աղը դուրս է եկել հողի մակերես, և ոչ մի կուլտուրա չի աճում: Ընտանիքի անդամները բացատրում են, որ աստիճանաբար հողի բերքատվությունը նվազում է, և գալիս է մի պահ, երբ արդեն անիմաստ է դառնում հողը մշակել:

Չունենալով ընտանիքի գոյությունը պահպանելու այլ միջոց, շատ գյուղացիներ ստիպված են եղել իրենց հողակտորում ստեղծել նոր բուսական շերտ: Զարթոնքի բնակիչ տիկին Ագաֆիոնի խոսքով, իրենք հարևան գյուղերից 100-ավոր բեռնատարներով բուսական հող են տեղափոխել իրենց հողակտոր՝ ստեղծելով գոնե 30 սմ հաստությամբ բուսական շերտ, ինչը հնարավորություն կտա մշակել միայն բանջարաբոստանային կուլտուրաներ:

Զարթոնքցիները բաժանվել են երկու մասի. գյուղացիները միմյանց նախանձով են վերաբերվում՝ ում հողամասը աղակալված չէ, նրան բախտավոր են համարում:

Թամար Աթոյանին, օրինակ, չի հետաքրքրում ով է Զարթոնքում հող մշակում: Միայն գիտի, որ իր հողամասն այլևս մշակության համար պիտանի չէ: Դրանից նա շատ է վրդովվում, ընտանիքը կերակրելու համար հարևանությամբ գտնվող Մասիսի տարածաշրջանում 2 հեկտար հողատարածք է վարձակալել, հիմա սածիլ է աճեցնում, որպեզի տեղափոխի Մասիս ու ձմերուկի մշակությամբ զբաղվի: Տիկին Թամարի օրինակին զարթոնքցիներից շատերն են հետևում:
 Ինչպես է աղակալվում հողը

Արարատյան հարթավայրի որոշ ցածրադիր շրջաններում գրունտային ջրերը պարբերաբար բարձրանում են հողի մակերևույթ և գոլորշիանալով հողի մեջ են թողնում իրենց մեջ լուծված աղային մասը: Երևույթի պարբերաբար կրկնվելը հողերի մեջ բարձրացնում է աղի քանակությունն այն աստիճան, որ այլևս բուսականություն չի աճում: Աղակալման դեմ պայքարի միակ միջոցը գրունտային ջրերի մակարդակի իջեցումն է և լվացման միջոցով աղազերծումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել