«Ի աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ն կոչն է ուղղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու թեկնածության առաջադրման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների անհամատեղելիության վերհանման նպատակով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, « Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Բյուլբյուլօղլուի թեկնածության վերաբերյալ Հայաստանից բողոքի պաշտոնական նոտա չի եղել, բայց «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ն նամակ է ուղարկել մի շարք պաշտոնյաների: Մենք հիմնավոր ձևով շարադրում ենք բոլոր այն պատճառները, հիմքերը, որով չի կարելի, որ 9-ը առաջադրված թեկնածուներից Բյուլբյուլօղլուի վերաբերյալ դրական որոշում կայացվի»,-ասաց Ալավերդյանը:
Ալավերդյանը հայտնեց, որ հիմնավորումներով նամակն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար Բրեդլի Բուզետտոյին:
Հարցին, թե ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել Փոլադ Բյուլբյուլօղլուի նշանակումն այդ պաշտոնում, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Անկախ քաղաքական օրակարգից, ազգային և կրոնական պատկանելությունից, Փոլադ Բյուլբյուլօղլուն իր կարիերայի ընթացքում շարունակաբար ցուցաբերել է անձնային հատկանիշներ, որոնցում տեղ չունեն բարոյական սկզբունքայնությունը, մարդկային և մշակութային բազմազանությունն ու արժեքները: Եթե Բյուլբյուլօղլուն ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմության մեջ կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ոչնչացնող մարդու՝ նույն կազմակերպության գլխավոր տնօրեն դառնալու նախադեպ»:
Որպես Բյուլբյուլօղլուի կերպարի ամբողջական նկարագիր Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց մի քանի հատկանիշներ, որոնք, ըստ նրա, բնորոշում են նրան:
Ալավերդյանը հիշեցրեց, որ Բյուլբյուլօղլուն տարիներ շարունակ զբաղեցրել է թուրքական մշակույթի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնը:
«Ավելացնեմ նաև, որ նա եղել է Խորհրդային Ադրբեջանի մշակույթի նախարարը 1988-1991 թվականներին, երբ տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ հայերի նկատմամբ, այդ թվում՝ նաև մշակութային արժեքների ոչնչացում: Այդ ընթացում Բաքվի կենտրոնական մասում գտնվող հայկական եկեղեցին հրկիզվեց։ 1991-ին նորանկախ Ադրբեջանը նրան նշանակել է մշակույթի նախարար, և նա պաշտոնավարել է մինչև 2006 թվականը: Հենց իր ժամանակ է եղել, որ Ջուղայի խաչքարերը ոչնչացվել են»,-ասաց Ալավերդյանը:
Ալավերդյանը նաև ասաց, որ հենց Բյուլբյուլօղլուն է հետապնդել ադրբեջանցի հայտնի գրողներին, հրկիզել նրանց աշխատությունները, իսկ բոլորովին վերջերս Ռուսաստանում աշխատող լրագրողին հեռացնել է տվել աշխատանքից այն բանի համար, որ նա Սերգեյ Լավրովին Արցախի վերաբերյալ հարց է տվել, որը Բյուլբյուլօղլուն դուր չի եկել:
«Ի դեպ, ես անձամբ հիշում եմ իր հորը՝ Մամեդովին: Նա շատ սիրված երգիչ էր: Ես փոքր ժամանակ եղել եմ նրա համերգներից մեկին և ինքը խոսում էր ազգերի բարեկամության մասին: Բյուլբյուլօղլուն իր բնավորությունը հորից չի ժառանգել»,-ասաց Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Բյուլբյուլօղլուն նաև պատասխանատու է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների՝ մասնավորապես լեզգի, թալիշ, ավար, թաթ, թաթար, ցախուր, ուդին, քուրդ և հայ ազգի ներկայացուցիչների բռնի միաձուլման համար. «Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է այդ մարդուն նշանակել նման պատասխանատու պաշտոնում»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/12/larisa-alaverdyan/2339414
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



