Aravot.am-ը գրում է.Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 127 դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը (լուսանկարում) պատմում է՝ ինչու իրենց դպրոցի երկու աշակերտները հենց նույն օրը ինքնավնասման փորձ կատարեցին: Պարզվում է՝ երկու տղաները նախկինում այլ դպրոցում համադասարանցիներ են եղել ու տարբեր ժամանակահատվածներում տեղափոխվել են 127 դպրոց, այս պահին նրանք սովորում են նույն դպրոցում, բայց տարբեր դասարաններում. Մեկը՝ տասներորդ, մյուսը՝ տասնմեկերորդ դասարանում:
Պարոն Էլոյանը Aravot.am-ին պատմեց, որ տասներորդ դասարանցու ծնողն իսկապես գրքի վարձավճարը չի կատարել, բայց դեռ անցած տարվանից հայտարարել էր, որ վճարունակ է: «Այդ տղան, որի ծնողները դասագրքերի վարձավճարը չեն կատարել, ապրում է հոր հետ, հայրն ու մայրն ամուսնալուծված են: Նա 2014 թվականին ավարտել է հիմնական դպրոցն ու երկու տարի դպրոց չի հաճախել:
Հայրը 2016 թվականին բերեց, խնդրեց, մենք էլ սահմանված կարգով ընդունեցինք տասներորդ դասարան, նա այս տարի պետք է տասնմեկերորդ դասարանն ավարտեր: Մյուս աշակերտը, որը տասնմեկերորդ դասարանում է սովորում, մեր դպրոց է տեղափոխվել թիվ 30 դպրոցից, այնտեղ վարքային խնդիրներ է ունեցել, տնօրենի հետ որոշեցինք տեղափոխել, միջավայրը փոխել, միգուցե ինչ-որ բան փոխվեր»,- պատմեց դպրոցի տնօրենը: Տասնմեկերորդ դասարանցին, տնօրենի պատմելով, վճարելու հետ կապված խնդիր չունի, նրա ծնողները վաղուց վճարել են գրքերի համար, իսկ տասներորդ դասարանցու ծնողի հետ իրեն վերջին շրջանում չի հաջողվել կապվել. «Այդ տղայի հայրն աշխատում է մարզերում, քիչ է լինում տանը, մի կողմից երեխան հսկողության տակ չէ, մյուս կողմից՝ հոր հետ հաճախ չեմ կարողանում կոնտակտ ունենալ, որ համագործակցենք ու համատեղ ջանքերով երեխային հսկենք»:
Նա վստահեցրեց, որ երեխայի հետ դասագրքի վճարել-չվճարելու հարցի շուրջ չի խոսել, նկատողություն չի արել. «Աշակերտին ինձ մոտ բերել է դասղեկը ապրիլի յոթին՝ վարքագծային խնդիրների հետ կապված, դասավանդող ուսուցիչները բողոքել են, որ դասերին չի նստում, ինքնակամ դուրս է գալիս դասարանից, երեխան երկու տարի չի սովորել, նա հետ է ընկել ռեժիմից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2017/04/12/877245/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



