Armsport.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Կեմպեսը քննադատել է ազգային թիմի ֆուտբոլիստներին՝ անդրադառնալով նաև ընկերական-բարեկամական հարաբերություններին:
ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են, որ Արգենտինայի հավաքականի կազը և հրավիրվող ֆուտբոլիստների ցանկը մեծամասամբ որոշում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին.
«Եթե Արգենտինայի հավաքականը Մեսսիի ընկերների ակումբն է, ապա ավելի լավ է թշնամիներ ունենալ: Խաղադաշտում ոչ մի կերպ չի նկատվում, որ նրանք Լեոյի ընկերներն են: Չէ՞ որ նրանց չի բավականացնում անհրաժեշտ փոխգործակցությունը, միմյանց աջակցելը, ինչպես նաև չկա ցանկություն թիմակցի համար ներդնել ամբողջ ուժերը»,- Կեմպեսի խոսքերն է փոխանցում «EFE»-ն:
Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան օրերս հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսային: ԱԱ-2018-ի ընտրական փուլի 14 տուրի արդյունքներով Արգենտինայի հավաքականը 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Ենթադրվում է, որ Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կդառնա կա՛մ Խորխե Սամպաոլին, որն այս պահին գլխավորում է «Սևիլիան», կա՛մ՝ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: