Image may contain: one or more people and outdoorՊատերազմը միշտ զոհեր է պահանջում, ու այն փաստը, որ առանց զոհի պատերազմ չի լինում, վաղուց արդեն տիեզերական ճշմարտություն է։ Սակայն հարցն ունի նրբերանգներ, ու մասնավորապես՝ որքա՞ն, որքանո՞վ արդարացված և հանուն ինչի՞ են տրվում այդ զոհերը։ Եվ որ պակաս կարևոր չէ, ինչպե՞ս է պետությունը վերաբերվում պատերազմի գլխավոր ռեսուրսին՝ զինվորին։ Կարծում եմ, որ Ապրիլյան պատերազմը հստակ ցույց տվեց, որ այս հարցում մենք վերջնականապես նահանջել ենք պայմանականորեն «խորհրդային» մոդելից։

Շատ պարզունակ ու հասանելի եթե սահմանենք այդ պայմանական մոդելը, ապա այն կայանում էր նրանում, որ ռազմական խնդիրներ կատարելիս զինվորն ավելի շուտ հրանոթային միս է ու ամենահեշտ լրացվող ռեսուրս։ Չեմ ուզում շատ խորանալ ու առանձին դիսկուրս բացել այս թեմայով, միայն կնշեմ, որ սա բնավ չի նշանակում, որ ես թերագնահատում եմ խորհրդային մոդելն ու խորհրդային բանակը։ Պարզապես այդ մոդելը, լինելով մաքսիմալ ակտուալ ու նպատակահարմար ԽՍՀՄ-ի պես գերտերության համար, որի պայմանական հակառակորդը ողջ արևմտյան աշխարհն էր, այդքան էլ կիրառելի ու ընկալելի չէ Հայաստանի պես փոքրիկ պետության համար, որը չունի ո՛չ մարդկային հսկայական ռեզերվներ, ո՛չ էլ պայմանական հակառակորդ է համարում ՆԱՏՕ-ի բլոկը։ Բացի դրանից՝ մենք շատ ավելի հուզական ու նուրբ մոտեցում ունենք մեր զինվորի նկատմամբ, քան, ասենք, ղրղզները, ուկրաինացիներն ու ռուսները։ Էթնոհոգեբանական առանձնահատկություն է, որը ինչ-որ առումով լավ է, ինչ-որ առումով՝ վատ։

Ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում ընկած մեր տղաների ցուցակը նայելիս մենք տեսնում ենք, որ զոհերի մեջ սպաների թիվը պրոպորցիոնալ առումով շատ ավելի բարձր է «համաշխարհային ստանդարտներից»։ Սա հետևանք է նրա, որ կռվի ամենաթեժ պահերին ճակատի ամենատարբեր կետերում սպաները փորձել են փրկել իրենց ենթակաների կյանքը՝ չխնայելով սեփականը։ Սա շատ նուրբ ու կարևոր երանգ է, որին անարդարացիորեն քիչ ուշադրություն դարձվեց։

Մյուս կարևոր դրվագն այն է, որ, ի հեճուկս տրամաբանության, այդ օրերի ամենահերոսական դրվագներից մեկը դարձավ ամենաշահարկվածն ու անարդարացիորեն ստորադասվածը։ Խոսքը մերձամարտի մի քանի դրվագների մասին էր, որտեղ մեր տղաները կիրառել էին սակրավորային բահեր ու ձեռքի տակ եղած այլ միջոցներ՝ դիրք ներխուժած հակառակորդին ոչնչացնելու համար։ Ասում եմ՝ անարդարացի էր, որովհետև փոխանակ փառաբանվեին տղաների անձնուրացությունն ու պարտքին անմնացորդ նվիրումը, որն արտահայտվել էր նրանով, որ փամփուշտների պաշարը սպառելուց հետո որոշել էին մինչև վերջ չհանձնել կենսական նշանակություն ունեցող դիրքը, տարատեսակ պրոֆանների ու դատարկախոս տափուկների թեթև ձեռքով սկսվեց քննարկել դեբիլագույն մի թեզ, որ զորքին փամփուշտի տեղը բահեր են տալիս, իսկ, այ, ոստիկանությանը ինտենսիվ զինում են։

Ինչևէ, այսպիսի դրվագների եզակիությունը, ինչպես նաև զոհերի անհամաչափությունը հակառակորդի զոհերի թվի հետ վկայում են, որ զինվորների կյանքին խիստ խնայողաբար են մոտեցել ու առանց կենսական անհրաժեշտության հետևակը չեն մտցրել հրետանու ու գնդացրի կրակի տակ, որպեսզի հետ բերեն կորցրած դիրքերը։

Իհարկե, այս որոշումը իշխանության քթից եկավ, որովհետև զոհերը մինիմիզացնելու մղումով բացատրվեց նույն այդ 800 հեկտարի կորուստը, ու դա անմիջապես դարձավ հավելյալ դժգոհության ու մեղադրանքների առարկա։ Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ զինվորի կյանքի նկատմամբ վերաբերմունքը էապես փոխվել էր արդեն ապրիլի դրությամբ, իսկ ապրիլին հետևած այս մեկ տարվա մեջ է՛լ ավելի շատ բան է արվել այս առումով, ընդ որում՝ ոչ միայն կյանքերը քամուն չտալու մասով, այլև վիրավորների ու առանց քերծվածքի պրծածների համար հնարավորինս ավելի անվտանգ ու նպաստավոր միջավայր ստեղծելու առումով։ Փաստը մնում է փաստ՝ բոլոր թերություններով հանդերձ՝ մեր ռազմական դոկտրինում զինվորին էլ չեն վերաբերվում որպես հրանոթային մսի, որի կորուստը լրացնելը ամենահեշտն ու խնդրահարույցն է։ Ու սա, անկասկած, լուրջ առաջընթաց է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել