Վարչապետի այցը կարևոր էր Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ գործակցության ձևավորման հեռանկարի առումովՎարչապետ Կարեն Կարապետյանի՝ օրերս կայացած այցը Թուրքմենստան թեև նախընտրական Հայաստանի թոհուբոհի մեջ այդքան էլ չնկատվեց, սակայն չափազանց կարևոր էր ոչ միայն երկկրողմ հարաբերությունների հետագա ընդլայնման, այլ նաև Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ գործակցության ձևավորման հեռանկարի առումով:

Նման ձևաչափի հնարավորությունների մասին առաջին անգամ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Երևանում բարձրաձայնեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին, իսկ ընթացիկ տարվա ամանորյա արձակուրդներից հետո հենց առաջին աշխատանքային օրը Հայաստանում Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ վարչապետի ունեցած հանդիպումից հետո, դատելով առկա պաշտոնական սուղ տեղեկատվությունից, եռակողմ նոր ձևաչափի խնդիրը քննարկվել է նաև Աշխաբադում և առաջիկա ապրիլին արծարծվելու է նաև Թեհրանում՝ մեր երկրի կառավարության ղեկավարի՝ Իրան կատարելիք այցի ընթացքում:

Բացի երկկողմ և եռակողմ համագործակցության հեռանկարներից, Կարեն Կարապետյանի թուրքմենական այցը, ինչու ոչ, խիստ կարևորվում է նաև քարոզչական բաղադրիչի առկայությամբ: Բանն այն է, որ օղուզական ծագման թյուրքական բնակչությամբ երեք պետություններից երկուսը՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հանդեպ որդեգրել են բացահայտ թշնամական գործելաոճ՝ հանդես գալով հայատյացության դիրքերից և փորձ կատարելով հայերիս և մեր պետությունը ներկայացնել իբր «հակաթյուրքականության պատվար», մինչդեռ վերը նշված պետություններից երրորդը՝ Թուրքմենստանը, ոչ միայն հիանալի հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ, այլև վերջինիս նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը դրանք բառացիորեն բնորոշում է որպես եղբայրական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել