Armlur.am-ը գրում է.
Հաշվի առնելով Արթուր Վարդանյանի կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով 2015 թվականի ընթացքում հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, դրան մասնակցելու, հանցավոր համագործակցության կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելը նախապատրաստելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված թիվ 58213716 քրեական գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և դատական նիստերին նրա չներկայանալու վերաբերյալ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Վ. Շիրխանյանին տրամադրվել և շարունակվում է տրամադրվել բուժօգնություն և սպասարկում ինչպես ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, այնպես էլ իր կողմից հրավիրված բժիշկ-մասնագետների կողմից, այդ թվում՝ քաղաքացական բուժհաստատություններում: Դեռևս նախաքննության ընթացքում Վ. Շիրխանյանի առողջական վիճակը և նրան պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Համաձայն նշված փորձաքննության եզրակացության՝ Վ. Շիրխանյանի առողջական վիճակը եղել է բավարար, իսկ ստացված բժշկական օգնությունը՝ ճիշտ և ժամանակին:
 Վ. Շիրխանյանի առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար կազմակերպվել է բժշկական կոնսիլիում՝ հանրապետության առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ, բազմիցս խորհրդակցություններ և հետազոտություններ են անցկացվել՝ այդ թվում Վ. Շիրխանյանի հարազատների կողմից հրավիրված մասնագետների կողմից: Քրեական գործի դատական քննության ընթացքում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից դատարան ուղարկված փաստաթղթերի համաձայն՝ Վահան Շիրխանյանը գտնվում է բավարար առողջական վիճակում, կարող է ինքնուրույն տեղաշարժվել և վերջինիս պատգարակով դատարան տեղափոխելու անհրաժեշտությունը բացակայում է: 2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Վ. Շիրխանյանը հրաժարվել է ինչպես նշանակված դեղորայքի մի մասի ընդունումից, այնպես էլ հրաժարվել է քրեակատարողական հիմնարկ այցելած սրտաբանի, նյարդաբանի և թերապևտի կազմակերպած խորհրդատվություններից և հետազոտումներից: 2017 թվականի փետրվարի 23-ից Վ. Շիրխանյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չլինելու պատճառով մարտի 3-ին դուրս է գրվել և վերջինիս նկատմամբ նշանակվել է նեղ մասնագետների հսկողություն: Այնուամենայնիվ, պատճառաբանելով իր առողջական վիճակը, Վ. Շիրխանյանը նշանակված 7 դատական նիստերի չի ներկայացել՝ պահանջելով իրեն դատարան տեղափոխել պատգարակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել