ՀՀ-ԵՄ «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի շուրջ քննարկումներ ԱԳՆ-ումYerkir.am-ը գրում է.
 Մարտի 6-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի համակարգմամբ կայացան Հայաստան-Եվրոպական միություն 2017-20թթ. ժամանակահատվածի համար «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի շուրջ քննարկումներ։ Եվրոպական կողմից քննարկումներին մասնակցում էին այդ նպատակով Երևան ժամանած Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի պաշտոնատար անձինք, ինչպես նաև Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
 Հայկական կողմից մասնակցում էին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և ԱԳՆ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը քննարկվեց վերոնշյալ փաստաթղթի նախագիծը, որն արտացոլում է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրից բխող համագործակցության առաջնային չորս ուղղությունները և երկուստեք ստանձնած հանձնառությունները:
 Քննարկվեցին կողմերի մոտեցումները նախագծի հիմնական՝ արդյունավետ կառավարում և կառույցների ամրապնդում, տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, հաղորդակցություն, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր, շարժունակություն և մարդկանց միջև շփումներ բաժինների վերաբերյալ։ Նախատեսվում է, որ «Գործընկերության առաջնայնություններ»-ը կհաստատվեն ՀՀ-ԵՄ Համագործակցության խորհրդի կողմից, որը համարվում է երկկողմ հարաբերությունների ընթացքը կանոնակարգող բարձրագույն մարմինը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել