ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2017 ֆինանսական տարվա Պենտագոնի բյուջեի նախագծին, որը, մասնավորապես նախատեսում է «Ռոսօբորոնէքսպորտի» հետ ռազմական գերատեսչության համագործակցության արգելք։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Փաստաթղթին օգտին է քվեարկել 371 կոնգրեսական, դեմ՝ 48-ը։ Փաստաթղթի գործողության ժամկետը լրանում է 2017 թվականի սեպտեմբերի վերջին։ Դրանով նախատեսվում է 578 մլրդ դոլարի հատկացում ռազմական կարիքներին։
Արգելքը պետք է գործի այնքան ժամանակ, քանի դեռ կորպորացիան չի հրաժարվել Սիրիա մահաբեր սպառազինության մատակարարումներից, ինչպես նաև քանի դեռ ռուսական զինված ուժերը չեն լքել Ղրիմը։
Բացառություններ կարող են արվել միայն այն դեպքում, եթե պետքարտուղարի և ազգային հետախուզության տնօրենի հետ խորհրդակցություններից հետո պարզ դառնա, որ «Ռոսօբորոնէքսպորտի» հետ համագործակցությունը բխում է ԱՄՆ-ի շահերից։



