Վերջին կես տարվա ընթացքում երևանյան ակումբներում նոր և կենսուրախ հնչերանգներ են լսվում` նորաստեղծ «The BOEING Orchestra» խմբի յուրատեսակ մատուցմամբ: Թվով 15 երաժիշտների փոխանցած դրական լիցքերը կրկնապատկվում են, երբ կատարումները ուղեկցվում են յուրօրինակ շոուներով, հումորային բեմականացումներով, ինչի շնորհիվ դահլիճում մյուզիքլի տպավորություն է ստեղծվում:

Թե ինչու «The BOEING Orchestra» և ինչ կապ ունեն «օդանավային» թեմայի հետ, խմբի գեղարվեստական ղեկավար Հովիկ Արշակյանը պարզաբանում է. «Ցանկանում էինք, որ անվանումը լիներ յուրօրինակ ու հետաքրքիր: Իսկ առհասարակ գաղափարը հետևյալն էր՝ մարդկանց լավ տրամադրություն և դրական էներգիա փոխանցել, այն էլ՝ հնարավորինս մեծ` օդանավի արագությամբ, ասենք` Բոյինգով»: Նրա խոսքով` իրենք երգում են միայն լավ բաների մասին և լսարանի համապատասխան տրամադրություն են ակնկալում:

«BOEING»-ը հայտնի դարձավ որպես բալկանյան երաժշտություն կատարող խումբ, սակայն... «Մեր մատուցած երաժշտության մեջ չկան շեշտված ոճեր, պարզապես կենսուրախ երաժշտություն ենք նվագում, որը չենք ուզում ինչ-որ շրջանակների մեջ դնել: Ի սկզբանե նվագում էինք բալկանյան երաժշտություն, սակայն հետագայում ուղղվածությունը մի փոքր փոխվեց: Տարբեր ազգերի ու ժամանակաշրջանների երգեր ենք կատարում՝ փորձելով մարդկանց մեջ նաև ջերմ հիշողություններ արթնացնել: Բնականաբար, մեր երգացանկում կան նաև հայկական գործեր: Բնական է, որ մեր ելույթների ժամանակ հանդիսատեսի շարքերում տարիքային սահմանափակում չի նկատվում»,- ասում է Հովիկը:

Հայկական իրականության մեջ համերգային գործունեութունը կարծես սպառել է իրեն. խմբերի ու անհատ կատարողների մոտ հաճախ խնդիր է ծագում, թե որտեղ ներկայանան: Թերևս այս ամենը քաջ գիտակցելով` խմբի պրոդյուսեր Սիմոն Ղանդիլյանը վստահ է, որ իրենց երաժշտության համար երբեմն հարթակ կգտնվի նաև համերգասրահների պատերից դուրս: «Այստեղ օգնության են գալիս ակումբները, որոնց հետ աշխատում ենք ըստ ստացած առաջարկի և հարմարության»,- ասում է պրոդյուսերը:

Նորաստեղծ խմբերը արագ ճանաչում ձեռք բերելու համար սովորաբար համագործակցում են ճանաչված երգիչ-երգչուհիների հետ: «The BOEING Orchestra»-ն  այս հարցում ևս փորձել է օրիգինալ լինել: Ճիշտ է, նման քաղաքականության չակերտները չցանկացան բացել, սակայն ասացին, որ իրենց արվեստի երկրպագուները նման անակնկալ այնուամենայնիվ կպատրաստեն:

Խումբն արդեն երկու տեսահոլովակ ունի, իսկ երրորդը կնկարահանեն, երբ Երևանը գարնան գույներով կզարդարվի: Կանանց միամսյակն էլ որոշել են շնորհավորել ուրախ երգի տեսքով, որը շուտով հասանելի կլինի ունկնդիրներին:

Անահիտ Կասամանյան

«TVմոլ», 10

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել