-Տիկի՛ն Խոդիկյան, ներկայացրեք Վազգեն Սարգսյանի հետ Ձեր ծանոթանալու պատմությունը: Ինչպե՞ս ծանոթացաք, ի՞նչ առիթով ու ի՞նչ տպավորություն ստացաք իրենից առաջին հայացքից:
-Վազգենի հետ առաջին ծանոթությունս եղել է նրա՝ «Քարի մեջ արյուն կա» հոդվածով: Ջավախքի մասին էր հոդվածը, կարդացի և մտածում էի՝ ո՞վ է մեր կողմերից այդ տղան, որին ես չեմ ճանաչում, բայց որ ինքը մեր կողմերից է՝ հաստատ է: Դրանից մի քանի ամիս հետո ես դարձա գարունական: Խմբագիրը՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, ասաց, որ երկու բաժին կա՝ մեկը երիտասարդական հարցերի, մյուսը հրապարակախոսության: Ասացի, որ ես կուզենայի հրապարակախոսություն, նա ասաց բաժնի խմբագիրը Վազգեն Սարգսյանն է: Ասացի՝ մեր կողմերի՞ց է, հա՞, ասաց՝ ոչ, Արարատից: Ասացի՝ անհնար է, որ դաշտավայրում ապրողն այդպես լեռնեցու ոգին հասկանա, և մենք ծիծաղեցինք:
Հետո գնացի Վազգենի սենյակ, մի խայտառակ վիճակ էր: Գրասեղանի վրա մի 3-4 տարվա նյութեր էին հավաքված, փոշի, որովհետև արդեն 1989 թ. սեպտեմբերն էր, նա արդեն Արցախյան շարժման մեջ էր՝ մեկ գալիս էր, 10-ը չէր գալիս: Այսինքն՝ լրիվ բարձիթողի վիճակ էր: Ի՞նչ պետք է անեի, սկսեցի հավաքել սենյակը, և երբ Վազգենը առաջին անգամ սենյակ մտավ, հետո ինձ ասաց, որ մաքրությունից, կարգուկանոնից զարմացել էր: Բայց նյութերի հախից եկել էի, չգիտեի՝ որը որտեղ էի դրել, չնայած ինքն էլ չգիտեր, բայց ինձ մահանա դրեց, որ գրասեղանների վրա դրված ամեն ինչը խառնել եմ:
Գիտեք, մարդու հետ առաջին հանդիպումը շատ կարևոր է, և իզուր չեն ասում՝ առաջին տպավորություն: Հախուռն դուռը բացեց, ներս մտավ, եկավ նստեց, նայեց ու ասաց՝ «ստե՞ղ ես աշխատելու»։ Ասացի՝ այո, նայեց ու ասաց՝ «ուրախ եմ»: Դրանից հետո եկավ երկու շաբաթ հետո:
Վազգենը ճիշտ է՝ իսկական գարունական էր, բայց Գարունի սահմանները իր համար նեղ էին: Նա մի ձեռքով գրում էր, իսկ ինքն ընդհանրապես կռվի մեջ էր:
-Վազգեն Սարգսյանի հետ երկար աշխատել եք, ինչպիսի՞ն էր նա աշխատանքում՝ գրական միջավայրում:
-Հիշում եմ, 1990 թ. մարտն էր, ներս մտավ, ձեռքին աշակերտական տետր էր, ասաց՝ խմբագրի աչքով կարդա մինչև ես գամ: «Էս խելքին ենք, որ էս խելքին ենք» հայտնի հոդվածն էր: Սկսեցի կարդալ, երկու էջ դեռ չէի կարդացել, ներս մտավ, ձեռքիցս խլեց ասաց՝ Մարոն հազիվ ազատվել է: Ով Գարունի պատմությանը ծանոթ է, գիտի, որ Մարոն մեր լեգենդար մեքենագրուհին էր, ում կարծիքի հետ երբեմն ավելի շատ էինք հաշվի նստում, քան նույնիսկ խմբագրի:
Նա շատ լավ ձեռագիր ուներ, մարգարտաշար, պարզ, հստակ: Ասում են չէ՝ ձեռագիրը մարդու բնավորությունն է: Այդ հոդվածը նա գրել էր կռիվների արանքում: Զգացվում է, որ գրված է, հետո ինչ-որ դադար է, բայց ձեռագրի հստակությունը ու մտքի ասելիքի հստակությունը այնպիսի ներդաշնակություն էին, որ այդ տետրը մինչև հիմա իմ աչքի առաջ է:
-Ի՞նչ էր սիրում Վազգենը, գիտեմ, որ շատ էր սիրում երգել ու շատ էր սիրում Ջիվանի, նաև ի՞նչ չէր սիրում:
-Մի անգամ նա խոստովանեց, որ իսկապես սիրում է միայն ծերերին և երեխաներին, որովհետև երկուսն էլ անպաշտպան են և պաշտպանության կարիք ունեն: Երգել էր սիրում, այո: Բայց այնպես, ինչպես ծիծաղում էր Վազգենը, ես համարյա ոչ մեկից չեմ լսել: Նա որ ծիծաղում էր, կարծես ալիքի նման դուրս էր գալիս սենյակից և տարածվում էր միջանցքով: Քաջ մարդ շատ կա, կռվող, ոչնչից չվախեցող, առաջ ընթացող, բայց այդ ամենի հետ Վազգենը ուներ խարիզմա, նա կարողանում էր մարդկանց շուրջը հավաքել:
Մի պատմվածք ունի, որը հիասթափության մասին է: Երբ որ այդ պատմությունը կարդում եք, նաև հասկանում եք, թե նա ինչից է հիասթափվում՝ մարդկային շինծու կեցվածքից, կեղծավորությունից:
Ամբողջական հոդվածն այստեղ



