ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու այդ հարցում Ընտրական օրենսգրքով նախատեսվող դրույթներին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ նոր Ընտրական օրենսգիրքը լիակատար հնարավորություն է ընձեռում առաջիկա ընտրությունն արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:
«Ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր հնարավորությունները մեր երկրում լավագույն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար: ՀՀ իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի ՀՀ քաղաքացիների մոտ ընտրությունների ընթացքի վերաբերյալ չլինի որևէ մտավախություն»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Պարոն Շարմազանովը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, և փաստաթուղթը խորհրդարանի կողմից ընդունվել է լիակատար փոխհամաձայնության պայմաններում, հաշվի են առնվել ընդդիմության առաջարկները:
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գլադեյ Գեորգիևիչը ներկայացրել է իրենց առաքելության իրականացման ընթացքը և առաջիկա քայլերը: