Картинки по запросу Իրան–ՍիրիաԻրանը շարունակելու է աջակցել Սիրիային`մինչև ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին`Սիրիայի խորհրդարանի ղեկավար Հադիե Աբբասի հետ հանդիպմանը։
Մերձավոր Արևելքում Իրանը համագործակցում է Սիրիայի հետ՝ որպես իր «նահանգներից» մեկի հետ։ Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա–քաղաքական միավորումը։ Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Բաշար Ասադի կողմից։
Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա–տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից` Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը` պայքարելով տարբեր սուննիական ծայրահեղական խմբավորումների դեմ։

Սիրիան ու Հզբոլահը Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են՝ ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը Դամասկոսի օդանավակայանի միջոցով, ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։

Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից`հակամարտության սկզբից ի վեր, Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։ Պետական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանը ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։
Ինչ վերաբերում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների` Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել, այսպես կոչված, «շիայական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։

Թել-Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը` իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Սիրիական հակամարտության շարունակությունն`առանց այն Իսրայելի տարածք տեղափոխելու հեռանկարի, ձեռնտու է Թել-Ավիվին, քանի որ աշխարհաքաղաքական հակառակորդ Իրանի շահերի սպասարկող Սիրիան կազմաքանդված է, նրա տնտեսությունը գտնվում է փլատակաների տակ, իսկ Հզբոլահն, Իսրայելից «շեղվելով», իր ամբողջ ուժն ու մարդկային լավագույն ռեսուրսները սպառում է սիրիական անապատներում` մարտնչելով սուննիական տարբեր խմբավորումների դեմ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Վաշինգտոնի համար շիայական գործոնի ուժեղացումը նույնպես ձեռնտու չէ. այն հարվածում է ամերիկյան դաշնակիցների` Իսրայելի, Թուրքիայի, Ծոցի երկրների շահերին ու անվտանգությանը։ ԱՄՆ-ն, հրահրելով հակամարտություններ ու ներխուժելով Իրաք ու Աֆղանստան, կազմաքանդելով այդ պետությունները, էթնիկ-կրոնական սահմաններով Իրանը շրջապատել է «հակամարտության օջախներով»` արևմուտքում Իրաք, սիրիական հակամարտություն, արևելքում` Աֆղանստան՝ իր չդադարող «բոլորը` բոլորի դեմ» պատերազմով, իսկ Իրանի հարավում` Պարսից ծոցում (Թեհրանի հակառակորդներն այն հաճախ նախընտրում են անվանել Արաբական ծոց) ԱՄՆ-ը տեղակայել է իր ռազմաբազաներն ու 5-րդ նավատորմի կենտրոնատեղին` Բահրեյն, Մանամա նավահանգիստ։
Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա Իրանի դիրքերի թուլացումը սիրիական, իրաքյան, լիբանանյան և այլ խաղատախտակներում կօգնի լուծել Էրդողանի վաղեմի երազանքը` կառուցել Նոր Օսմանական կայսրություն ու Թուրքիայի` սուննիական ազդեցության գոտին տարածել Սիրիայի հյուսիսից մինչև Եմեն։

Այսպիսով՝ Սիրիա-Իրան` շիայական տանդեմի կազմաքանդումը բխում է մի շարք պետությունների շահերից, իսկ Թեհրանի համար Սիրիայի կորուստը կունենա ռազմա-քաղաքական լրջագույն պարտություն էֆեկտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել