Aravot.am-ը գրում է.

Փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը:

Դիտարկումից հետո Չինարիի գյուղապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչներին է ներկայացվել սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: ԵԱՀԿ պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու դաշտերը: Դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել