Artsakhpress.am-ը գրում է.

Լրագրողների աշխատանքն Արցախում ունի կարեւորագույն նշանակություն եւ դա պետք է ավելի ակտիվացնել:

Այս մասին, փետրվարի 7-ին, Բրյուսելում, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Լյուքսեմբուրգը ներկայացնող՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախեւառաջ քննարկվել են խոսքի ազատությանն ու լրագրողների գործունեությանը, ինչպես նաեւ Արցախում նրանց աշխատանքին վերաբերող հարցեր: Ֆ. Էնգելն ընդգծել է, որ լրագրողների աշխատանքն Արցախում ունի կարեւորագույն նշանակություն եւ դա պետք է ավելի ակտիվացնել: Նրա պնդմամբ, Ա.Լապշինի արտահանձնման փաստը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ Արցախ հետագա  այցելությունների համար:

Ըստ Ֆ. Էնգելի՝ այսուհետ Արցախ այցելությունները պետք է լինեն էլ ավելի շատ:

Դրանից բացի, Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը եւ քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակցություն ունենան միջազգային քննարկումներին ու հանդիպումներին:

Արման Թաթոյանն կարեւորել է պատգամավորի դիրքորոշումը եւ ընդգծել, որ իր հերթին գործադրում է ամեն ջանք՝ նպաստելու համար Արցախ այցերին ու Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը:

Այս առումով, կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումներին, առնչվող հարցեր: Ֆ. Էնգելին ներկայացվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել