Artsakhpress.am-ը գրում է.

Մոսկվան դեմ է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն:

 ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա:

«Մենք պնդում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրին արտահանձնումն անթույլատրելի է, եւ մեր դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակով ինտենսիվ կապի մեջ ենք Բելառուսի ԱԳՆ-ի, պատկան այլ մարմինների հետ»,- փետրվարի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Իսրայելը փորձում են հասնել Լապշինի արտահանձնման մասին որոշման չեղարկմանը, ԱՄՆ-ն նույնպես անթույլատրելի է համարում խոսքի ազատության իրականացման համար հետապնդումը։

Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար: Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը փակ նիստում մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ Ադրբեջան արտահանձնման մասին Բելառուսի դատախազության որոշման կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել