Artsakhpress.am-ը գրում է.

Հռոմում, հունվարի 28-ին, ավարտվել է Արեւելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության միջազգային աստվածաբանական միացյալ հանձնախմբի թվով տասնչորսերորդ նիստը:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Ս. Հաղորդության խորհրդի պատմական զարգացմանը, ծիսական-աստվածաբանական եւ եկեղեցաբանական արտահայտումներին առնչվող հարցեր:

Երկխոսության համար նախատեսված «Ս. Հաղորդության խորհուրդը եւ Եկեղեցին» թեմայի վերաբերյալ իրենց աստվածաբանական զեկույցները ներկայացնելուց հետո, հունվարի 28-ի նիստի ժամանակ միացյալ աստվածաբանական հանձնախմբի անդամները քննարկեցին նաեւ հետագա հանդիպման մանրամասները:

Հանձնախումբը, ընկալյալ հերթագայության համաձայն, հաջորդ նիստը գումարելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 2018 թվականի հունվարի 29-ից փետրվարի 5-ը՝ բարձր հյուրընկալությամբ եւ օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Հանդիպման քննարկման նյութ են լինելու երկու եկեղեցական ընտանիքներում Ապաշխարության, Ձեռնադրության եւ Հիվանդաց օծման սրբազան խորհուրդների շուրջ ձեւավորված ընկալումները եւ ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել