Image may contain: 1 person• Սկզբունքային անսկզբունքայնությամբ էր աչքի ընկնում սովետական ազգաշինարարության քաղաքականությունը (nation-building policy)։ Երբեմն այդ քաղաքականության սկզբունքները շատ քիչ էին տարբերվում քաղաքացի Կորեյկոյի ահռելի ունեցվածքի սոսկ մի համեստ մասը երեքի բաժանող Պանիկովսկու վարքից։
• Ինչպես Ծեր Սագագողը չէր կարող բացատրել, թե ինչ սկզբունքով է կատարում բաժանումը, այնպես էլ սովետական իդեոլոգներն ու ազգագրագետները չէին կարող հիմնավորված բացատրել, թե ինչ սկզբունքով է Ղարաքիլիսան կոչվել «ԿիրովԱԿԱՆ», իսկ Ելիզավետպոլը՝ «ԿիրովԱԲԱԴ», չէ՞ որ այդ երկու տեղանվանակերտ վերջածանցները գրեթե հավասարապես հանդիպում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, իսկ բուն լեզվաբանական տեսանկյունից՝ երկուսն էլ հանգում են հնդեվրոպական-իրանական ծագման։
• Նույն մասնագետները նմանապես կդժվարանային բացատրել, թե ինչ սկզբունքով որոշվեց անդրկովկասյան ընդհանուր երաժշտական կաթսայից զատել աշուղական արվեստը և տալ հայ բեմին, իսկ մուղամի արվեստը՝ ադրբեջանցիներին, այն դեպքում երբ զատման պահին կային և՛ հայ մուղամ ասողներ, և՛ ադրբեջանցի աշուղներ։
• Բայց Սովետի հարաբերական հզորությունը հենց դրա մեջ էր, որ նրանից ոչ մեկը չէր էլ հարցնում սկզբունքների մեկնություն․ այդպե՛ս էր և վերջ։ Իսկ թե որքանով էր սկզբունքային անսկզբունքայնության այդ քաղաքականությունը կենսունակ, ցույց տվեց ժամանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել