Image result for лапшин блогерԼուկաշենկոն որոշում կայացրեց Ադրբեջանի իշխանություններին հանձնել բլոգեր Լապշինին: Մեզ հարկավոր է հիմա այս ամենից ռացիոնալ հետևություններ անել և կիրառական քայլեր ձեռնարկել Լապշինի ազատարձակման համար: Հայտնի բլոգերի ազատարձակման հարցը կարևորագույն նշանակություն է ստացել այն առումով, որ այս միջադեպը կարող է դառնալ նախադեպային այսուհետ Արցախ օտարերկրացիների այցելությունների համար: Ասել է թե՝ Ադրբեջան Լապշինի տեղափոխմանն անմիջապես կհետևի Լապշինի գործի հետ կապված Բաքվի քարոզչական արշավը, ինչը բացասական ազդեցություն կունենա Արցախ օտարազգիների այցելությունների հարցում: Սրանով Ալիևն իր առջև խնդիր է դրել մեկուսացնել Արցախն ու արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը միջազգային հարաբերություններից` դրանով իսկ էլ ավելի անկաշկանդ ու ագրեսիվ դիրքորոշում որդեգրելու համար:
Հիմա առավել հանգամանորեն անդրադառնանք մեր հնարավոր քայլերին, որոնք կարող են հանգեցնել Լապշինի ազատարձակմանը:
1․ Լապշինի գործն անհրաժեշտ է անմիջապես ներառել հայ-բելառուսական երկկողմ քաղաքական հարաբերությունների օրակարգում, մշակել ու վերհանել հարցի դրական կարգավորման համար անհրաժեշտ առկա ռեսուրսներ ու ազդեցության մեխանիզմներ:
2․ Բլոգեր Լապշինի գործն ի սկզբանե ունի միջազգային նշանակություն, քանի որ վերաբերում է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին, այլև խնդրում բախվում են Բելառուսի ու Ռուսաստանի շահերը: Դրան հավելենք նաև այն, որ Լապշինն ունի Իսրայելի քաղաքացիություն: Այս տեսանկյունից Լապշինի գործը անհրաժեշտաբար հարկավոր է բարձրացնել յուրաքանչյուր միջազգային կամ տարածաշրջանային նշանակության պաշտոնական հանդիպումներին, հասարակական-քաղաքական խոշոր միջոցառումներին: Առանձնակի կարևորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը` բերելով հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա հանդիպման օրակարգ:
3․ Լապշինի գործը քաղաքական առումով տեղավորվում է ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ՀԱՊԿ ձևաչափերում, որտեղ անդամակցում են տվյալ խնդրի հետ կապված երեք պետություններ` Հայաստանը, ՌԴ-ն ու Բելառուսը: Ուստի տրամաբանական է ու միաժամանակ անհետաձգելի, որ հայկական կողմը Լապշինի ազատարձակման հարցը բերի ԵԱՏՄ և ՀԱՊԿ ձևաչափ: Ճիշտ է` կարող է տրամաբանորեն հարց առաջանալ առ այն, որ ԵԱՏՄ-ն, մասամբ նաև ՀԱՊԿ-ն ունեն այլ գործառույթներ, և Լապշինի գործն էական առնչություն չունի նշյալ կառույցների հիմնական գործառույթների հետ: Սակայն մյուս կողմից հստակ է նաև այն, որ նույն Ադրբեջանը չլինելով ՀԱՊԿ անդամ-պետություն, մեկ անգամ չէ փորձել միջամտել կազմակերպության ներքին խնդիրներին, հիշենք միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հայաստանյան ներկայացուցչի նշանակման շուրջ ծավալված աղմուկը: Ավելին, ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի անդամ-պետություններից նույն Բելառուսը կամ Ղազախստանը փորձեր կատարել են կազմակերպության ներքին հարցերը կարգավորել քաղաքական տարբեր հարթություններում` կազմակերպությանը չանդամակցող այլ երկրների շահերը առաջ մղելով: Խոսքը այստեղ այն մասին է, որ Լապշինի ազատարձակման հարցը հայկական կողմը քազաքական եւ տնտեսական տարբեր լծակների բանեցմամբ հնարավորինս պայմանավորի ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ-պետությունների փոխհարաբերությունները:
4․ Բլոգերի ազատարձակման հարցում համընկնում են նախևառաջ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը, ուստի երկկողմ հարաբերություններում առկա են բավարար ռեսուրսներ հարցին դրական ընթացք ու վերջնական լուծում տալու համար: Այստեղ կարևորագույն նշանակություն ունի այն, որ հայկական կողմը կարողանա ռուս գործընկերների հետ տանել հետևողական թիրախային աշխատանք:
5․ Լապշինի գործն ուղղակիորեն տեղավորվում է հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների համատեքստում: Եվ այս գործում հաճախ հանդիպող փորձագիտական տեսակետներից մեկն այն է, որ խնդիրը պետք է լուծենք հենց այս ձևաչափի շրջանակներում: Այս առումով տարբերակներից մեկը հայկական կողմին Լապշինի հանձնումն է նախորդ տարվա դեկտեմբերին Չինարիի ուղղությամբ ադրբեջանական ներթափանցման հետևանքով մեր տարածքում մնացած ադրբեջանցի դիվերսանտի դիակի փոխանակման դիմաց: Իհարկե, սա առաջին հայացքից այնքան էլ իրատեսական սցենար չէ, սակայն ցանկացած ոչ այնքան իրատեսական սցենար իր մեջ ենթադրում է որոշակի իրատեսություն, եթե կատարվում են հստակ կիրառական քայլեր տեսական նպատակը կյանքի կոչելու համար: Ինչպես ասում են, ավելի լավ է ունենալ ցանկացած սցենար` ընդհուպ մինչև ամենապեսիմիստականը, քան առհասարակ չունենալ սցենար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել