Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ՀԱԿ համագումարի իր ելույթին ու դրան հետևած արձագանքներին։ Ի սկզբանե ցանկանում եմ կտրվել այս հարցի քննարկման էմոցիոնալ դաշտից ու լիրիկական զեղումներից, որովհետև առանց այն էլ քննարկումներում այդ ամենն ավելի շատ է, քան կառուցողական ու կշռադատված դիրքորոշումը։ Իրականում ես համոզված եմ, որ տերպետրոսյանական տեսլականը մի քանի տրամաբանական բացեր ունի, որոնք կյանքի կոչվելու պարագայում կարող են լրջագույն ռազմավարական թերություններ լինել։ Ընդհանրապես, տպավորություն է, որ շրջաններ հանձնելու գաղափար լեգիտիմացնելը ինչ-որ առումով դարձել է Տեր-Պետրոսյանի համար ինքնանպատակ ու սեփական կրեդոյի հարց, ու դա զարմանալի չէ, քանի որ հենց այդ հարցի պատճառով նրան գահընկեց արեցին 20 տարի առաջ։

Եկեք քննարկենք այդ կետերը առանձին-առանձին։

Փուլային տարբերակով 5+2 շրջանների վերադարձ

Ես չեմ պատկանում «ոչ մի թիզ հող»-իստների թվին ու զուտ հիպոթետիկ հավանականության դաշտում համարում եմ, որ մնայուն խաղաղության ու հարցի վերջնական լուծման պարագայում կարելի է նաև տարածքներ վերադարձնել, ԲԱՅՑ․․․ Մնայուն խաղաղության ու հարցի վերջնական լուծման հասնելու գոնե հիպոթետիկ հավանականություն ունենալու համար պետք է ունենաս վստահություն ներշնչող ու պայմանավորվածություններին հավատարիմ մյուս կողմ և կողմերին սանձելու իրական քայլեր անող միջազգային կառույցներ։ 25 տարվա ընթացքում մենք համոզվել ենք, որ ո՛չ առաջինը կա, ո՛չ էլ երկրորդը։ Չգիտեմ՝ ինչ ի նկատի ուներ Տեր-Պետրոսյանը, երբ ասում էր, որ Ալիևը պրագմատիկ է, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ Ալիևն այնքան պրագմատիկ է, որ ամեն անգամ, երբ իր իշխանությանը ներքին լուրջ վտանգ է սպառնում, նա շատ պրագմատիկորեն սուբլիմացնում է դա՝ սահմանին հերթական արկածախնդրությունը կազմակերպելով, իսկ 5+2 շրջաններ վերադարձնելու պարագայում այդ արկածախնդրությունները նա անելու է շատ ավելի հարմար ու ռազմավարական առումով ավելի շահեկան բնագծերից, քան դա արվում է հիմա։

Գումարենք սրան Լաչինի միջանցքի պահը։ Ժողովու՛րդ, արդի ռազմական հնարավորությունների ու սպառազինությամբ հագեցվածության պարագայում 5-10 կիլոմետրանոց միջանցքը կիրառական նշանակություն չի ունենալու պատերազմի դեպքում, ու Արցախը պարզապես կտրվելու է մնացյալ Հայաստանից մեկ օրվա մեջ։ Չի կարելի այդպիսի հնարավորության մասին մտածել անգամ։

Խնդիրը լուծենք, բանակ պետք չի լինի

Տեր-Պետրոսյանը սա ուղիղ տեքստով չի ասում, բայց հաճախ այս միտքը կարելի է տեսնել նրա կողմնակիցների ու «խաղաղասերների» մոտ․ եթե Արցախի հարցը չլինի, ապա բանակ պահել էլ ստիպված չենք լինի։ Այս տրամաբանությունը ժամանակին բերեց Նախիջևանի տոտալ հայաթափման։ Անկախ Արցախի հարցի լուծումից՝ մենք չենք կարող այնպիսի շռայլության գնալ, ինչպիսին է բանակից հրաժարվելը։ Բանակը մեզ պետք է ցանկացած պարագայում։ Այն լուծում է ինչպես ռազմական գերխնդիր, այնպես էլ՝ տնտեսական։ Չի կարելի հույսներս դնել միջազգային հանրության ու խաղաղապահների վրա։ Արտաքին վտանգի ռիսկը միշտ էլ ակտուալ է, առավել ևս՝ մեր տարածաշրջանում, իսկ սեփական բանակից լավ ոչ ոք չի պաշտպանի երկիրը։ Տնտեսական մասն էլ հասկանալի է՝ բանակը ապրուստի միջոց է ապահովում հազարավոր մարդկանց համար ու երկրի խոշորագույն գործատուներից է։ Պետք է ոչ թե բանակի ծախսերը կրճատելու մասին մտածել, այլ նրա, թե ինչպես անել, որ այդ միջոցները մինչև վերջին լուման ծառայեն բուն նպատակին, ոչ թե նստեն տարբեր կոռումպացված կերպարների հաշիվներին։

Խաղաղապահները՝ որպես լուծում

Խաղաղապահները մասնակի լուծում կարող են լինել։ Օրինակ՝ 0-ի կհասցնեն դիպուկահարների ու դիվերսանտների գործողությունների արդյունքում զոհերի քանակը։ Բայց հույսը խաղաղապահների վրա դնելը ինֆանտիլիզմ է։ Նախ՝ խաղաղապահները հավերժ չեն, հետո էլ՝ վերջին 50 տարիների փորձը ցույց է տալիս, որ նրանք այդքան էլ հուսալի պատնեշ չեն։ Համենայն դեպս՝ ոչ միշտ։ Արդյունքում՝ խաղաղապահների միակ դրական գործառույթը կարող է լինել այն, որ նրանք լինեն բուֆեր հակամարտ զորքերի միջև, ինչը գոնե կդժվարացնի սովորական սպառազինությամբ իրար վնասեր պատճառելը։

Միջանկյալ կարգավիճակ

Տեր-Պետրոսյանը միջանկյալ կարգավիճակի մասին խոսում է, բայց փակագծեր չի բացում նրա շուրջ, թե ինչ ենք մենք հասկանում այդ հասկացության ներքո, և ինչ են հասկանում ադրբեջանցիները։ Մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ադրբեջանցի փախստականների հարցն ինչ է լինելու Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակի պարագայում։ Ադրբեջանը միանշանակորեն պնդում է, որ իր փախստականները պետք է վերադառնան, ու նոր միայն քննարկվի անկախության հարցը։ Ի՞նչ եք կարծում, մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձը որքանո՞վ կնպաստի խաղաղությանը ու առավել ևս՝ միջանկյալ վիճակի հայանպաստ լուծմանը։ Առնվազն տարակուսանք առաջացնող լռություն է Տեր-Պետրոսյանի կողմից այս հարցի առումով։

Եթե այս տարբերակով չլուծենք, հետո ավելի վատին ենք համաձայնվելու

Երկար կարելի է բանավիճել Տեր-Պետրոսյանի դերակատարության մասին՝ պատերազմի առաջին փուլում։ Ոմանք պնդում են, որ նա չէր կարող անմասն լինել ու նա պատերազմը հաղթած գերագույն գլխավոր հրամանատարն էր, իսկ ոմանք էլ պնդում են, որ պատերազմը հաղթել են, որովհետև հաճախ Տեր-Պետրոսյանից թաքուն, իսկ երբեմն էլ նրա որոշումներին հակասող գործողություններ են արվել։ Զերծ մնալով իմ դիրքորոշումը հայտնելուց՝ այնուամենայնիվ ցանկանում եմ նշել, որ ես այդպես էլ չհասկացա, թե որտեղից էր բխում պատճառահետևանքային անխուսափելի այն կապը, համաձայն որի՝ եթե չենք ընդունում այս տարբերակը հիմա, ապա ավելի վատին ենք ստիպված լինելու համաձայնվել։

Ավելի վատ տարբերակը կամ էլ ավելի լավը պայմանավորված է տարբեր գործոններով ու ոչինչ էլ բացառել չի կարելի։ Եթե դիտարկենք «վատագույն» զարգացման սցենարը, ապա բանակցային գործընթացի տապալման դեպքում կսկսվեն ռազմական նոր բախումներ, որոնք վաղ թե ուշ կվերջանան։ Վերջանալու տարբերակներն էլ ընդամենը երկուսն են՝ կա՛մ կողմերից մեկը ամբողջական պարտություն է կրում, ու հաղթողը թելադրում է իր պայմանները, կա՛մ էլ կոմպրոմիսի են փորձում հասնել, ու կողմերից որ մեկը ավելի շոշափելի ռազմա-քաղաքական հաջողություններ գրանցած լինի, նրա համար էլ ավելի լավ կլինի։ Եթե Տեր-Պետրոսյանը անվերապահորեն համարում է, որ Հայաստանն ու Բանակը շանս չունեն Ադրբեջանի դեմ, ապա դա ոչ այլ ինչ է, քան պարտվողականություն, որը հարիր չէ նախագահին։

Հ․Գ․-ի փոխարեն

Ասում են՝ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան կռիվը։ Կարող եք համաձայն լինել կամ չլինել այդ մտքի հետ, բայց փաստացի՝ մեր իշխանություններն էլ այդ կարծիքի են ու արդեն 22 տարի բանակցում են՝ պահպանելով վատ խաղաղություն։ Այլընտրանքը լավ կռիվն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Երրորդ տարբերակ չկա, քանի որ 22 տարում թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասարակություններին մաքսիմալիզմի են մղել, ու փոխզիջումը հանդուրժելի չէ կողմերից ոչ մեկի համար, առավել ևս՝ Ադրբեջանի։ Ոչ թե վախեցնելու համար եմ գրում, այլ իրավիճակը սթափ գնահատելու համար։ Սթափ գնահատելու ունակությունն էլ առավել քան ակտուալ է, եթե հաշվի առնենք, թե ինչ հեշտությամբ մեր հասարակությունը տրվեց «800 հեկտար են տվել» մանիպուլյատիվ հնարքներին, և առավել ևս, եթե հաշվի առնենք, որ գալիք ընտրություններին հենց այս թեման է հավակնում դառնալ քաղաքական փիառի բաղկացուցիչ մասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել