Картинки по запросу Միքայել Արամյանց

Միքայել Արամյանցի` Ախթալայում գտնվող 108-ամյա դղյակի վերաբերյալ արդեն մի քանի հրապարակում ներկայացրել եմ, նշել եմ, որ այն խարխուլ վիճակում է և հնարավոր է վերջնականապես ոչնչանա: Սակայն մի խումբ մտավորականների նամակին կառավարության կողմից ադեկվատ ու ժամանակին աձագանք եղավ, ինչը բավականին ուշագրավ և ուրախալի փաստ է:

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Միքայել Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը և դրա տարածքը բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին առաջարկը։

Որոշման նախագծում նշվում է, որ գերակա հանրային շահ ճանաչելու դեպքում հուշարձանը հնարավոր կլինի օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև գիտական, կրթական և ճանաչողական նպատակներով, հնարավոր կլինի իրականացնել սեփականության իրավունքի արդյունքում կառուցվածքային փոփոխությունների ենթարկված պատմամշակութային արժեքի նախնական տեսքի վերականգնման և նորոգման աշխատանքներ, հնարավորություն կստեղծվի լուծել դրա զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը։

Բացի այդ, նախագծում նշվում է, որ հուշարձանի օտարումը և վերականգնումը կնպաստի համայնքի կողմից մշակութային ծրագրերի իրականացմանը, ինչը հնարավորություն կտա Ախթալայի, ինչպես նաև մոտակա համայնքների բնակչությանը լիարժեք մասնակցել մշակութային և զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը, Արամյանցի ամառանոցի շենքի գիտականորեն հիմնավորված վերականգնումը գրավիչ կդարձնի հուշարձանը, կնպաստի դեպի հուշարձան այցելությունների աճին և բնակչության զբաղվածության ապահովմանը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության, չեն իրականացվել պահպանական միջոցառումներ, մասնավորապես` վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով բարերար Միքայել Արամյանցի կողմից կառուցված շենքերը փլուզման եզրին են (2005 թ-ին 1 մլն 200 հազար դրամով վաճառել էր ամերիկահայ գործարար մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի «Մեթըլ Փրինս» ընկերությանը: Նրա մահվանից հետո սեփականությունը տնօրինել է կինը` Մադլեն Թաշճյանը: Համաձայն կառավարություն ներկայացված տեղեկատվության՝ ներկայում ամառանոցը սեփականության իրավունքով պատկանում է «Լոզե» ՍՊԸ-ին, իսկ 2013 թվականից հիփոթեքի պայմանագրի հիմքով գրավադրված է «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում):

Որպես լոռեցի վերջում հավելեմ, որ սա տարածաշրջանի զբոսաշրջության համար շոշոփելի ու դրական քայլ է, որի միջոցով լքված ու կործանման եզրին գտնվող պատմական հրաշքը, որը մատնված էր անտերության և վերջնական կործանման, հասանելի կդառնա ոչ միայն հայ ազգին, այլև համայն մարդկությանը:

Հ.գ. Մեծ բարերարն այժմ հանգիստ կարող է ննջել խաղաղությամբ, քանի որ պատմական դղյակը փրկվում է ոչնչացումից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել