Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարարության և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրինության որոշմամբ`Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Հարգելով և գնահատելով մեծ վարպետի` Սոս Սարգսյանի հիշատակը, ցանկանում ենք թատրոնին նոր շնչառություն հաղորդել, թարմ խաղացանկ և այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ Չալդրանյանն իր փորձով, անցած ուղիով և մասնագիտական բարձր վարպետությամբ մեծ օգուտ կբերի թատրոնին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` թատրոնի հիմնադիր և իրենց ուսուցիչ Սոս Սարգսյանից հետո անհնար էր թվում այլ գեղարվեստական ղեկավարի առկայությունը, քանի որ նրա դերը չափազանց մեծ էր իրենց կյանքում:

«Կարծում եմ` գտել ենք այն ճիշտ մարդուն, ով կարող է ստանձնել այդ ծանր բեռը: Շնորհավորում եմ Վիգեն Չալդրանյանին և ցանկանում ասել, որ շատ սպասելիքներ ունենք իրենից»,-շեշտեց տնօրենը:

«Ես ոչ թե պաշտոն, այլ առաքելություն եմ ստանձնում: Այս ստեղծագործական խմբի հետ ցանկանում եմ ստեղծել առողջ ընտանիք և քայլել արվեստի ճանապարհով: Այդ առաքելությունը կարող եմ իրականացնել յուրաքանչյուրիդ աջակցությամբ»,-ընդգծեց Չալդրանյանը:

Նոր գեղարվեստական ղեկավարն ասաց, որ քաջ ծանոթ է թատերախմբի անդամների մեծամասնության հետ և կարծում է, որ լավագույններն են ներգրավված այնտեղ:

«Ցանկանում եմ, որ Համազգայինը դառնա առողջ, մրցունակ թատրոն: Ինձ համար թատրոնն առողջարան է. հանդիսատեսը պետք է դիտի ներկայացումը, առողջանա և գնա իր մյուս գործերին, եթե այդպես չէ, ապա այն չի ծառայում իր նպատակին»,-նշեց նա:

Խոսելով թատրոնի շենքի մասին`Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ հարցը քննարկման փուլում է, և իրենք արդեն տարբերակներ ունեն, սակայն որոշումը դեռ հաստատված չէ, այդ իսկ պատճառով ինքը չի ցանկանում մանրամասներ ներկայացնել:

Անդրադառնալով կինոյում իր աշխատանքին՝ Չալդրանյանն ասաց, որ կինոն ժամանակավորապես պետք է համբերի: Նոր գեղարվեստական ղեկավարը չցանկացավ մանրամասն ներկայացնել թատրոնի հետ կապված իր ծրագրերը, սակայն նշեց, որ պատրաստվում է անդրադառնալ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան դասականների ստեղծագործություններին:
Չալդրանյանի խոսքով` ինքն իսկապես երջանիկ է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար և մեծ պատասխանատվություն է զգում ինչպես թատերախմբի, այնպես էլ հանդիսատեսի առաջ:

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: Կրում է սասունցի պապի անունը՝ Վաղարշակ, այսօր, սակայն, կինոաշխարհին հայտնի է Վիգեն անունով։

Առավել հայտնի է «Ապրիլ», «Ձայն բարբառոյ…», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» կինոնկարներով։ 1994-ին «Ձայն բարբառոյ…» կինոնկարի համար արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։ 2001-ին ՀՀ անկախության հռչակման 10-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը՝ հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար։ 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործծչի պատվավոր կոչում: Չալդրանյանը որպես ռեժիսոր և դերասան աշխատել է Հայաստանի գրեթե բոլոր թատրոններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել