«168 ժամ» օրաթերթը գրում է.
«Ցրտահարության լուրջ վտանգ դեռ չկա, բայց եթե հավատանք այն կանխատեսումներին, որ –30 աստիճան ցուրտ Է լինելու, իհարկե, նման վտանգ կլինի։ եթե Արարատյան դաշտում 6-12 ժամ –30 աստիճան լինի, ապա և ծառերի, և չծածկված խաղողի այգիների ցրտահարություն կունենանք։ Ինչ վերաբերում Է լեռնային գոտիներին, ապա այդտեղ որևէ խնդիր չունենք, մասսայական պտղատու այգիներ չկան։ Բայց այսօրվա վիճակով որևէ խնդիր դեռ չունենք»,– 168am–ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նկատելով, որ տևական ցրտի դեպքում որևէ կերպ հնարավոր չի լինի խուսափել ցրտահարությունից։ «Այդ դեպքում ոչ ծխահարությունը կօգնի, ոչ ոռոգումը, որովհետև տաք ջուր որտեղի՞ց պետք է ճարեն, որ ոռոգեն»,– նկատեց նա։ Ջերմոցային տնտեսություններ ունեցողներին մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս այս օրերին չխախտել ջեռուցումը՝ ցրտահարություններից խուսափելու համար։ «Գյուղմթերքը ռիսկային արտադրություն է, և, եթե ջեռուցումը սխալ կազմակերպվեց, իհարկե, մենք ցրտահարություններ կունենանք»։ Նա նշեց, որ, եթե այսպես շարունակվի, ու ջերմաստիճանը չնվազի՝ հասնելով՝ -25 կամ –30 աստիճանի, ապա բերքառատ տարի է մեզ սպասվում։ Ագրարագյուղացիական միավորման նախագահին մտահոգում է ոչ այնքան եղանակային անբարենպաստ պայմանները, որքան կրծողների դեմ ոչ արդյունավետ պայքարը. «Արմավիրի մարզի մի շարք գյուղերում կրծողներն այն աստիճանի վնաս են տվել ծառերի բներին, որ հսկայական քանակով այգիներ կչորանան։ Ա՜յ, դա է աղետը, որի մասին, ցավոք, լռում են։ Մոտ մեկ շաբաթ առաջ ամբողջ Հայաստանում կրծողներն ակտիվացել էին, հիմա եղանակի ցրտելու հետ նահանջում են։ Այս տարի դաշտերը գերհագեցած են դաշտային մկներով։ Դա ամեն 5 տարին մեկ կրկնվում է. այս տարի հենց այդ տարին էր։ Դրանց դեմ պայքարը վատ է կազմակերպված: Ինչպես նշեցի հիմնական վնասներն Արարատյան դաշտում են եղել, արտաքինից կարծես թե վնասներ չկան, բայց իրականում ծառերի արմատները վնասել են կրծողները»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել