Գևորգ-ՊետրոսյանԱյսօր հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվել էր տեղեկություն, թե Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում 10 հազար թուրք է հավաքվել` ի պաշտպանություն հայերի:

Հոդվածներում նշվում էր, որ ցույցի դուրս եկած անձինք բողոքել են հայերի նկատմամբ պետական մակարդակով իրականացվող հակաքարոզչության դեմ: Մասնավորապես նշվում էր, որ հայապաշտպան ցույցը հաջորդել է «Խոջալուի դեպքերին» նվիրված խոշոր ցույցին, որում խիստ հայատյաց մթնոլորտ էր տիրում:

Որպես նյութի աղբյուր` հիմնականում նշվում էր թուրքական DemokratHaber (Դեմոկրատհաբեր) լրատվակայքը:

Փորձեցինք գտնել աղբյուրը, որպեսզի ավելի հստակ տեղեկություն ունենանք ցույցի մասին, սակայն վերոնշյալ կայքում նման տեղեկություն վերջին օրերին ընդհանրապես բացակայում էր:

Ավելի խորը ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ադրբեջանական աղբյուրները (ինչպես նաև հայկական աղբյուրները, որոնք էլ օգտվել ադրբեջանականից) վերհիշել են 1 տարի առաջ տեղի ունեցած ցույցն ու այն ներկայացնել որպես նախօրեին տեղի ունեցած դեպք: Ահա թուրքական կայքերից մեկի հղումը, որում էլ խոսվում է այսօր նկարագրված ցույցի մասին` թվագրված 2012 թվականի մարտի 4-ին:

Այս հոդվածը շատ արագորեն տարածվել է հայկական մի շարք լրատվամիջոցներով` առանց աղբյուրի ստուգման, ինչպես նաև ուղղակի այլ աղբյուրներից արտատպման միջոցով:

Ինչևէ, հստակ է, որ ցույցն իրականում տեղի է ունեցել, սակայն այն եղել է անցյալ տարի` փետրվարյան հակահայ խոշոր ցույցից օրեր անց:

Ամեն դեպքում, եթե ադրբեջանական լրատվամիջոցներն են այդ տեղեկությունը տարածում, դրանում կարելի է մեզ համար օգուտներ գտնել:

Իսկ հայկական լրատվակայքերում նման տեղեկության տարածումը կարող է ավել գովք լինել «փոփոխվող և ժողովրդականացող» Թուրքիայի հասցեին:

«Թուրքագիտական պորտալի» գլխավոր խմբագիր Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել