Սիրելի՛ հայրենակիցներ, 
Հանրապետության նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմամբ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել բոլորիս, համայն հայությանը, մեր ժողովրդին, բոլորին անխտիր, անկախ նրանից, թե ում են տվել իրենց քվեն կամ քվեարկել են, թե չեն քվեարկել:
Ապահով Հայաստան ունենալու տեսլականը, նպատակը, քայլերի ու ծրագրերի անընդհատ հաջորդականությունը այլևս ոչ թե զուտ ցանկություն է, այլ համաքաղաքացիական հրամայական, պահանջ: Մեր հասարակության մեծամասնությունը այլևս սպասում է իր ակնկալիքների իրականացմանը: Դա ոչ թե «հնարավոր է», այլ մեր երկրի սահմանադրության և օրենքների ուժով ամրագրված պահանջ, անհրաժեշտություն, ժողովրդավարական մեծամասնության կողմից ընտրված ճանապարհ է:
Ազատ և արդար ընտրությունների անցկացումը մեզ համար առաջնային խնդիր էր: Իրականացվեց ու ամրագրվեց նաև միջազգային հանրության կողմից: Մենք կարողանում ենք ազատ մրցակցության, արտահայտվելու, ազատության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրություններ անցկացնել, և ընտրությունների արդյունքները հենց դրա առհավատչյան են:
Ընտրությունները լավ առիթ եղան նաև գնահատելու, որ իշխանություններն առաջիկա տարիներին շատ ու շատ խնդիրներում պետք է շուտափույթ լուծումներ գտնեն` հատկապես սոցիալական ոլորտին առնչվող խնդիրներում: Պետք է ի նկատի ունենալ, որ քաղաքացիների մոտ 40%-ը 2007-2013թթ. չի գոհացել իշխանությունների աշխատանքից` այդ թվում բոլոր այն ուժերի, ովքեր այդ տարիներին ձևավորել ու մաս են կազմել են կոալիցիոն կառավարությունը: 
Ընտրությունները նաև թարմացրին, կարծես վերակազմավորման փուլ մտցրին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: Սա առաջիկայում առողջ մրցակցության, առողջ դեբատների ու քաղաքական պայքարի լավ նախանշաններ է ստեղծելու:
Ընտրությունները և հատկապես հետընտրական զարգացումները ցույց են տալիս, որ մեր երկրում ձևավորվում է քաղաքացիական ազատությունների, հանդուրժողականության, իրավունքների իրացման համար պայքարող ակտիվ քաղաքացիական կազմակերպություններ և անհատներ, ովքեր, պայքարելով անընդունելի երևույթների դեմ, կարող են իրենց դրական ավանդը բերել ապահով Հայաստանի կառուցման գործում` լինելով իշխանությունների գործողությունների քաղաքացիական վերահսկողության երաշխավորները: 
Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մենք միշտ հանդես ենք եկել «հանուն» գաղափարներով, չենք գործել ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի, պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, առաջարկել ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի համերաշխություն: Վստահաբար ապագայում ևս չենք շեղվի մեր մոտեցումներից:
Ապահով Հայաստանում յուրաքանչյուրս պետք է կարողանա իրականացնել իր երազանքները, կյանքի կոչել անձնական, ընտանեկան և ազգային նպատակները՝ անցյալում թողնելով արատավոր երևույթները՝ արտոնյալների դասը, մենաշնորհներն ու ամենաթողությունը:
Պատմության ամենաբարդ ժամանակներում կարողացել ենք պահպանել մեր ինքնությունն ու ազգային արժանապատվությունը՝ հիմնվելով ամուր ընտանիքի, քրիստոնեական հավատքի և ապագայի մեր պատկերացումների վրա:
Մաղթենք հաջողություններ և բոլոր նախաձեռնություններում սատար կանգնենք մեր նախագահին՝ հանուն ապահով, պաշտպանված, կայուն ու զարգացող հայ ժողովրդի ու հայկական պետականությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել