Արդեն երկու օր է՝ ՊՆ կարիքների համար պարտադիր «1000 դրամ» գանձելու օրինագիծը ամենատարբեր սուր քննադատության է արժանանում սոցցանցերում: Մի կողմից՝ հասկանալի, սակայն ոչ միշտ են ընդունելի ներկայացվող դիտարկումները: Մյուս կողմից՝ մտահոգիչ են զգայական ու սուբյեկտիվ այն մոտեցումները (ընդհուպ մինչև անձնական վիրավորանքներ, սառկազմ, ցինիզմ), որոնք այդ օգտակար ու որոշ երկրներում կիրառելի գաղափարը սարքեցինք անարժեք երևույթ:

Եթե կարծում ենք, որ այս նոր օրենքը ընդունելի չէ, որ այսօր առաջարկվող նրա տարբերակը խնդրահարույց է, առաջարկեք ձերը լրամշակումները, որոնք լինեն կոնկրետ, առարկայական, սթափ, իրականանալի, հիմնավոր: «Ազգ-բանակ»-ի գաղափարը նաև դրանում է, որ մտահոգ ու սրտացավ քաղաքացին կարողանա ներգրավվել ոլորտի բարեփոխմանը: Սոցիալական ցանցերում կազմակերպված քննադատողական մոտեցումները, որքան էլ դրանց մի մասը կարող է ընկալելի լինել, գործին օգուտ չեն բերելու: Մենք հենց այսօր, այս պահին ունենք խնդիրներ ու այդ խնդիրների լուծումը սպասեցնել մեզ չի տալիս: Իսկ անվտանգության կարիքների ապահովումը հումորի ու ինքնակայացման ոլորտ չէ:

Թերացումները, որ ունեցել ենք անվտանգության ու ռազմապաշտպանական (և նաև այլ) ոլորտներում, նախկինում եղել են շատ ու այսօր դրա հետևանքերը կուտակվել են: Պետք է, հավանաբար, մի կետից սկսել: Սակայն միայն այդ կետով չսահմանափակվել: Ուստի եթե ակտիվ ներգրավվածություն ունեցող քաղաքացին իրեն պատրաստ է զգում և ունակ է իր համար վիճահարույց օրենքի լրամշակման դրույթներ առաջարկել, ապա դա գնահատելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել